Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են
АНАЛИТИКА
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։ Թեպետ պաշտոնական վիճակագրությունը փորձում է համոզել, թե այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունն աճել է 4,1 %-ով, բայց փաստն այն է, որ աճն ապահովվել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի, շինարարության ոլորտի, մեծածախ ու մանրածախ առևտրի շրջանառության և ծառայությունների ոլորտի շրջանառության աճի շնորհիվ։
Մինչդեռ այլ շատ ավելի կարևոր և առանցքային ոլորտներում զգալի նվազում է արձանագրվել։ Օրինակ, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 54,2 %-ով։ Արտահանումը ևս կրճատվել է մոտ 2,5 անգամ՝ 61,8 %-ով։ Ներմուծումը նվազել է գրեթե կրկնակի՝ 47,9 %։ 18,5 %-ով նվազել է արդյունաբերական արտադրությունը։ Բոլոր այս ոլորտներն առանցքային են Հայաստանի տնտեսության համար, և դրանք են ապահովում հիմնական զարգացումը, այլ ոչ թե ծառայությունները կամ գյուղատնտեսությունը, որոնք թեպետ կարևոր են, բայց չունեն նույն արժեքը տնտեսության համար։
Այս տարվա առաջին եռամսյակում նաև գրանցվել է սպառողական ապրանքների և արդյունաբերական արտադրանքի գների աճ։ Նախորդ տարվա առաջին 3 ամիսների համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 2,5 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2,1 %-ով։ Ըստ փորձագետների, այս մտահոգիչ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը բռնել է նվազման ուղին և գնալով ավելի ու ավելի թույլ ցուցանիշներ է ցուցաբերելու, մինչդեռ տնտեսությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հետպատերազմյան վերականգնման և երկիրը զարգացման ռելսերին դնելու համար։
Գործող իշխանությունները տնտեսությունը վերականգնելու փոխարեն զբաղված են իրենց պարգևավճարների ավելացմամբ։
Աննա Միքայելյան




















































