Ինչո՞ւ որոշվեց ստեղծել գլանաձև ժամանակավոր կացարաններ․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
1970-ականների կեսերին ԽՍՀՄ-ում հայտնվեցին անսովոր բնակելի տներ, որոնք մարդիկ սկսեցին անվանել «ցուբիկ»: Դրանք նման էին հսկայական մետաղական տակառների և ստեղծվել էին այնպիսի կլիմայական ցուրտ շրջաններում, ինչպիսիք են ԲԱՄ–ը և Հեռավոր Հյուսիսը, ապրելու հարմարավետ պայմաններ ապահովելու համար:
Նման գաղափարի ծագումը կապված էր դժվարամատչելի տարածքների ակտիվ զարգացման սկզբի հետ։ ԲԱՄ ժամանած աշխատողները բախվում էին բնակության համար համապատասխան տարածքների բացակայության խնդրին: Սովորական փայտե տները արագ էին ծածկվում ձյունով, նրանց պատերը սառն էին, իսկ շինանյութերը հեռավոր տայգա հասցնելը դժվար ու թանկ էր։ Այդ պայմաններում էլ, երբ անհրաժեշտ էր արագ ստեղծել կենսապայմաններ, մարդիկ սկսեցին օգտագործել շահագործումից հանված երկաթուղային ցիստերնները՝ դրանք վերածելով ժամանակավոր կացարանների։ Աշխատողների այդ սիրողական պրակտիկան էր, որ ոգեշնչեց խորհրդային ինժեներներին՝ ստեղծել մասնագիտացված բնակելի մոդուլներ:
Խորհրդային ինժեներները մշակեցին մետաղական ամբողջական բլոկներով (цельнометаллический унифицированный блок) տների նախագիծ, որը կրճատ անվանվում էր ЦУБ, իսկ արդիականացված տարբերակը՝ ЦУБ-2M: Առօրյա կյանքում այդ կառույցները շատ արագ ստացան «ցուբիկ» պարզ անվանումը։ Նման տների հիմնական առանձնահատկությունը նրանց գլանաձև լինելն էր, ինչը զգալիորեն նվազեցնում էր քամու դիմադրությունը և թույլ տալիս, որ ձյունը չկուտակվի տանիքում, այլ պարզապես հոսի գլանի վրայից: Ժամանակի ընթացում ապացուցվել է, որ այդ ձևը օպտիմալ է հյուսիսի ծայրահեղ պայմանների համար:
Յուրաքանչյուր «ցուբիկ» մոտ ութ մետր երկարությամբ և երեք մետր տրամագծով մոդուլ էր։ Ինտերիերի մակերեսը կազմում էր մոտավորապես 24 քմ։ Ներսում կար ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ փոքր խոհանոց, հանգստի գոտի մահճակալներով, զուգարան, ջեռուցման համակարգ, նախասրահ և նույնիսկ մինի կաթսայատուն։ Չնայած սահմանափակ տարածքին, նման տները հարաբերական հարմարավետություն էին ապահովում այն պայմաններում, երբ ջերմաստիճանը կարող էր իջնել մինչև -50օC: «Ցուբիկների» արտադրությունն սկսվել է 1975 թվականին Սոկոլսկու փայտամշակման գործարանում։ Այդ մոդուլներն ունեին ևս մեկ կարևոր առավելություն՝ շարժունակությունը։ Դրանք կարող էին փոխադրվել երկաթուղով, ավտոմեքենայով կամ նույնիսկ ուղղաթիռով, ինչը դրանք անփոխարինելի էր դարձնում դժվարամատչելի վայրերում աշխատողների ժամանակավոր բնակության վայրեր ստեղծելու գործում:
Այնուամենայնիվ, 1990-ականների սկզբին նման ժամանակավոր բնակարանների կարիքը սկսեց նվազել: Հյուսիսային շրջաններում ենթակառուցվածքները աստիճանաբար զարգանում էին, հայտնվում էին կապիտալ շենքեր, ինչպես նաև ավարտին էին հասել այնպիսի խոշոր շինարարական նախագծերը, ինչպիսին, օրինակ՝ ԲԱՄ-ն է: Արդյունքում «ցուբիկների» արտադրությունը դադարեցվեց, բայց դրանք մնացին հյուսիսային հողերի զարգացման ծանր տարիները վերապրածների հիշողության մեջ: Մինչ օրս էլ Ռուսաստանի որոշ անկյուններում կարելի է տեսնել լքված գլանաձև տներ, որոնք հիշեցնում են այն ժամանակները, երբ մարդը ուսումնասիրում էր անհայտ տարածքները, իսկ ինժեներական միտքը լուծումներ էր գտնում՝ երբեմն անսպասելի, բայց արդյունավետ:
Հավելենք, որ կոնկրետ Հայաստանում «ցուբիկների» քանակը կտրուկ աճել էր Սպիտակի երկրաշարժից հետո:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































