Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում
АНАЛИТИКА
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձները կարդալիս, կարելի է շփոթվել, թե որն ում ուղերձն է, կարծես երկու ուղերձները գրվել են նույն տեղում, նույն մարդկանց կողմից։ Թուրքիայի նախագահը սովորություն ունի ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձներ հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, և բոլոր դեպքերում այդ ուղերձները լկտիության և ցինիզմի գագաթնակետ են։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։ «Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև ունեցած խորն արմատները և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին», - ասել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։
Ուշ երեկոյան մի ուղերձ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր տարածել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տարբեր պետությունների և կազմակերպությունների հայտարարություններին՝ նշել, թե կտրականապես մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտումներով արված հայտարարությունները։ «Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ 1915 թ-ի դեպքերի արդարացի և գիտական քննության համար։ Պատմությունից թշնամություն առաջ բերելու ջանքերը չպետք է խրախուսվեն և կրկնում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացին»,-ասվում է հրապարակման մեջ։
110 տարի է անցել, Թուրքիան չափազանց կոշտ և ագրեսիվ է արձագանքում բոլոր նման հայտարարություններին։ Եվ այժմ էլ հրաշալի հնարավորություն է ստացել առաջ մղել ժխտողական քաղաքականությունը՝ Հայաստանում սեփական խամաճիկն ունենալով, իսկ միջազգային կառույցների, տարբեր երկրների առաջնորդների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումն, իհարկե, դուրս է Անկարայի քաղաքական նկրտումների ծիրից։
Անի Էլլարյան




















































