Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը
АНАЛИТИКА
Հայաստանի գործող իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են նոր Սահմանադրության ընդունմանը։ Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմի այլ ներկայացուցիչներ այլևս չեն էլ թաքցնում, որ Սահմանադրության նախագծից հեռացնելու են նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը։
«Այդ տեքստը (Անկախությա հռչակագիրը-խմբ.) նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Նրանից հետո էլ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր հայտարարել, թե Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվտանգող: Գալյանը հայտարարել էր, թե նոր մայր օրենքի տեքստն այժմ մշակման փուլում է. թե որոնք են այն ուղղությունները, որոնց մասով պետք է լինեն փոփոխությունները, որոնք, օրինակ, իշխանության թևերի տարանջատման սկզբունքի համատեքստում իշխանության թևերի լիազորությունների վերանայմանն են միտված:
Սահմանադրության փոփոխության համար համապատասխան հանձնաժողով է գործում, բայց, մեր տեղեկություններով, նոր Սահմանադրության տեքստը բոլորովին այլ վայրում, այլ անձանց կողմից է գրվում, որը վերջում հրամցնելու են այդ հանձնաժողովին, ապա ներկայացնելու են հանրության դատին։
Արփինե Ադամյան




















































