Ե՞րբ են առաջին անգամ սկսել դիմահարդարվել կանայք. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կնոջ համար, երևի թե, չկա ավելի կարևոր բան, քան ճիշտ ընտրված և ճիշտ արված դիմահարդարումը։ Լավ, որպեսզի չչափազանցնենք, դա յուրաքանչյուր կնոջ համար կարևորագույն հանգամանքներից մեկն է: Դրա շնորհիվ կինը կարող է թարմացնել դեմքը, դարձնել այն ավելի նուրբ, աչքերն ավելի արտահայտիչ դարձնել և այլն, և այլն: Դիմահարդարման հիմնական նպատակը արտաքին տեսքը բարելավելն է։ Դիմահարդարումը հրաշքներ է գործում, եթե խելամտորեն մոտենան այդ գործընթացին: Հակառակ դեպքում հնարավոր է շատ ավելի վատ արդյունք ստանալ, նույնիսկ հակառակ արդյունք: Շատ կարևոր է ընտրել ճիշտ գույները և ընդգծել առավելությունները, այլ ոչ թե թերությունները։
Դիմահարդարումը գոյություն է ունեցել դեռ շատ հին ժամանակներում: Սկզբում՝ նույնիսկ պարզունակ հասարակության ժամանակ, այն օգտագործվում էր ցեղերի առաջնորդների կողմից: Մինչ օրս էլ այդ ավանդույթը գոյություն ունի աֆրիկյան որոշ գյուղերում: Կանանց համար դիմահարդարման պաշտամունքն առաջին անգամ հայտնվել է Հին Եգիպտոսում: Հենց Կլեոպատրայի շնորհիվ է հայտնվել դիմահարդարման բաղադրատոմսերի հավաքածու, նա է առաջինը նկարագրել դիմահարդարման գործընթացը և ներկայացրել քայլ առ քայլ հրահանգներ, թե ինչպես իրականացնել դիմահարդարում:
Եվրոպայում Լյուդովիկոս 16-րդի օրոք դիմահարդարումն օգտագործում էին ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Նորաձև էր դեմքը ծածկել դիմափոշու հսկայական շերտով, ընդգծել դեմքի արյունատար անոթներն ու քսել սև բծեր։
Այնուամենայնիվ, միայն 19-րդ դարում է հայտնվել նոր գիտությունը՝ կոսմետոլոգիան։ Սկսել են ի հայտ գալ ավելի ու ավելի շատ կոսմետիկա և օծանելիք արտադրող ձեռնարկություններ։ Իսկ կինոյի տարածումից հետո կանայք սկսել են բոլորովին այլ կերպ մոտենալ դիմահարդարմանը։ Հենց այդ ժամանակ էլ նորաձևության մեջ հայտնվել են կարմիր շրթներկն ու երկար թարթիչները։
Մերիլին Մոնրոն էր իր կանացիությամբ ու զգայականությամբ այն ժամանակ համարվում իդեալական կին։ 60-ականներին Twiggy մոդելն էր համարվում էտալոնային: Վառ շուրթերը հետին պլանում էին, շեշտը դրվել էր աչքերի վրա։ Սև ստվերաներկը և կեղծ թարթիչները այն ժամանակ ամենապահանջվածն էին: 70-ականներին ոչ երկար ժամանակ, բայց դեռ նորաձևության մեջ էր հիպի մշակույթը՝ ամեն բնականի հանդեպ սիրով։ Բայց 80-ականներին կրկին գույների խռովություն սկսվեց, դեղին ստվերաներկը և վարդագույն շրթներկը բարձրացան հանրաճանաչության գագաթնակետին:
Այսօր ամեն ինչ է հնարավոր դիմահարդարման մեջ։ Բայց կան մի քանի կանոններ, որոնք չպետք է մոռանալ.
-դիմահարդարումից առաջ մաշկը պետք է պատշաճ կերպով մաքրվի և խոնավեցվի,
-սխալ է էժան ու անորակ կոսմետիկա գնելը, դա կարող է անդառնալի վնաս հասցնել,
-պետք է շատ զգույշ լինել հոնքերի հարցում և հավատարիմ մնալ բնական ձևին,
- դիմակի էֆեկտից խուսափելու համար դիմափոշին պետք է ճիշտ համապատասխանի մաշկի գույնին,
-թաց դիմահարդարումը կարող է մաշկին յուղոտ տեսք տալ,
- պետք է զգուշորեն ընտրել տոնային քսուկը, ցուրտ սեզոնների համար ավելի լավ է ընտրել ավելի խիտ տոն, իսկ տաք սեզոններին ավելի լավ է ընտրել թեթև տոներ,
- ամեն դեպքում, բնականն ու չափավորությունն են հաջող դիմահարդարման գրավականները։
Իսկ ընդհանրապես, կանայք միշտ էլ գեղեցիկ են՝ անկախ իրենց դիմահարդարումից:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































