Երևանում մինչև 2020թ. կբարելավվեն տրանսպորտային ենթակառուցվածքները
ОБЩЕСТВОԵրևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված վարկային ծրագիրը թելադրված է Երևանի հիմնական փաստաթղթով՝ գլխավոր հատակագծով. ծրագիրը տասնամյակներ շարունակ հերթապահել է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի քննարկմանը ներկայացված Հայաստնի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին: Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները: «Մենք ուրախությամբ պիտի նկատենք, որ ի վերջո իրականություն է դառնում մեր բնակչության վաղեմի երազանքը: Սա լրջագույն ներդրում է քաղաքի ճանապարհաշինության ոլորտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արեյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշեց, որ ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի թե քաղաքաշինական, թե տնտեսական ու սոցիալական առումներով: Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե Երևանում մի կողմից ճանապարհներ են կառուցվում, իսկ մյուս կողմից քանդվում է քաղաքի կենտրոնը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ.:



