Թուրքիան խեղաթյուրում է պատմությունը և Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին ներկայացնում իբրև քաղկեդոնական
ОБЩЕСТВОԳյումրիում գործող Քանդակագործության Ազգային պարկ թանգարանը մտահոգություն է հայտնել Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ: Պատմության խեղաթյուրման դեմ պայքարի նպատակով change.org-ում ստորագրահավաք է սկսվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը կոչ-հայտարարությամբ դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին՝ ուշադրություն հրավիրելով Թուրքայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականության վրա:
Բանն այն է, որ եկեղեցու վերականգնման ընթացքում Թուրքիան հայտրարում է, որ այն քաղկեդոնական է, այդպիսով վիճաբանություններ և մշակութային հակամարտություն է հրահրում վրաց-հայկական հարաբերություններում:
Մինչդեռ, անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական: Սա արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Ավելին, եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր Սբ Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:

Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:
Քանդակագործության Ազգային պարկ թանգարանը պահանջում է ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից, եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել, որ այն հայկական քրիստոնեական եկեղեցի է: Միաժամանակ, ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շիրանարությունը: Եվ, որ ամենակարեւորն է ՝զերծ մնալ Վրաստանի եւ Հայաստանի միջև մշակութային հակամարտության հրահրումից:
«Վստահ ենք , որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերականգնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»,-ասված է կոչ- հայտարարության մեջ:



