«ՊԱԶ 762» ավտոբուսի ուղեւորուհին ընթացքից ցատկել է ու մահացել. Հարուցվել է քրգործ
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ուղեւորի մահ առաջացրած Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսը Կրաշեն գյուղից ընթացել է դեպի Գյումրի։ Նշված գյուղում ավտոբուսի արգելակները խափանվել են եւ Կրաշեն գյուղի 3-րդ եւ 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղեւորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջեւի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:



