Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական ավելի արդյունավետ համագործակցության հույս է հայտնել
ПОЛИТИКАՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրներ Հայաստանն ու Իրանը հետայսու ավելի արդյունավետ կարունակեն համագործակցել քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,
Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է քաղաքաշինության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության կարևորությունը և շարունակականությունը: Նա նշել է, որ Իրանը հատկապես փորձառություն ունի բազմաբնակարան սեյսմակայուն շենքերի, ինչպես նաև՝ անհատական բնակելի տների կառուցման առումով՝ այս համատեքստում համագործակցության պատրաստակամություն հայտնելով: Նա միաժամանակ շեշտել է, որ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի արդյունքում երկու երկրներ ի միջև կմեծանա ապրանքաշրջանառությունը, իսկ զբոսաշրջությունն առավել կաշխուժանա:
Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը անդրադարձել է հանրապետությունում և մայրաքաղաք Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն ավելի կոնկրետ կարելի է խոսել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի մասին՝ այդ շրջանակում դիտարկելով նաև հայկական և իրանական քաղաքաշինական շերտերը պահպանելու թեման:
Հանդիպման ավարտին, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ՀՀ քաղաքաշինության նախարարին ընդունելության համար, հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:



