Արթուր Օսիկյանը հանդիպել է «IRZ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավարի հետ
ОБЩЕСТВОՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում փետրվարի 1-ին աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի ու նույն հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Ա. Օսիկյանը կարևորեց հանդիպման նշանակությունը`շեշտելով միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության եզրեր ունենալու հրամայականը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման գործընթացում ծառայության ներգրավվածության, փորձագիտական խորհրդատվությունների, առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ազատազրկված անձանց կենսապայմանների որակի բարելավման և դրա հետ կապված`հասարակական ընկալման փոփոխության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ օրախնդիր հարցեր:
Այցի ավարտին Թերեզա Թալհամերը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ երբ կա կամք և պատրաստակամություն, շոշափելի արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Վերջում կողմերի միջև համագործակցությունը շարունակական դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:



