ՀՀԿ-ն հանուն Հայաստանի ապագայի պատրաստ է համագործակցության
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է համագործակցության՝ հանուն Հայաստանի ապագայի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: «Այս պահին ես պատրաստ չեմ մանրամասն խոսել այդ մասին, քանի որ այս պահին ընթանում են քննարկումներ: Երբ քննարկումները կավարտվեն, մենք կունենանք ամբողջական պատկեր, այդ ժամանակ ես ձեզ կներկայացնեմ ամբողջական պատկերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ այս պահին ճիշտ չի համարում մասնավոր կարծիքներ հայտնել, որովհետև համագործակցությունը լինում է բազմակողմանի և բազմաշերտ: «Երբ քննարկումները կավարտվեն, այն ժանանակ էլ հստակ կխոսենք»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, ովքեր կարող են ավելի արդյունավետ աշխատել այս կամ այն պաշտոնում նշանակվելու դեպքում՝ անկախ նրանից, թե նրանք որ քաղաքական ուժն են ներկայացնում: «Այդպիսի գործիչներ կան և ՀՀԿ-ում, և ՀՅԴ-ում, և ԲՀԿ-ում և այլ քաղաքական ուժերում, սակայն այն, որ այս պահին ՀՀԿ-ն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, դա փաստ է»,- եզրափակեց Շարմազանովը:



