«Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմում անսպասելի մանրամասներ են ներկայացված սկանդալային արքեպիսկոպոսի կյանքից (տեսանյութ)
КУЛЬТУРАYouTube-ում է հայտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ՝ «Իրական Նավասարդ Կճոյան» անվանումով, որում ներկայացված են նրա նախկին հարևանների, ընկերների, մի շարք բարձրաստիճան եկեղեցականների (այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի) և այլոց հուշերը: Մոտ 50 րոպե տևողությամբ ֆիլմում անսպասելի փաստեր են ներկայացված հանրության շրջանում միայն սկանդալներով հայտնի Կճոյանի ճակատագրից:
Past.am-ը գտավ ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներից մեկին՝ Արմեն Սահակյանին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ էր ֆիլմը համացանցում տեսնելը: «Ֆիլմը նկարահանվել էր դեռևս 2012 թվականին՝ Նավասարդ Կճոյանի ընկերների պատվերով՝ նրա ծննդյան 55 ամյակի առիթով: Որքան հիշում եմ՝ նրանք պատրաստվում էին նվիրել ժապավենը սրբազանին՝ հենց ծննդյան օրը: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Կճոյանը ֆիլմը դիտելուց հետո խնդրել էր չտարածել այն՝ պատճառաբանելով, որ ժապավենը կարող է ընկալվել իբրև սոցցանցերում և մամուլում հնչող տեսակետների արդարացում: Այժմ ես պատկերացում չունեմ, թե ինչպես է տարիներ անց այդ ֆիլմը համացանցում հայտնվել: Ի դեպ, պետք է նշեմ, որ YouTube-ում տեղադրվածը ֆիլմի վերջնական տարբերակը չէ: Մինչև վերջնական տարբերակին հասնելը այն որոշակի փոփոխությունների էր ենթարկվել, սա աշխատանքային տարբերակներից մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմում սկանդալային արքեպիսկոպոսի սկզբունքորեն նոր պատկեր է ստեղծվում, որի մասին դժվար էր մտածելն անգամ՝ հետևելով Կճոյանի կյանքի մասին մամուլի հիշատակումներին:




















































