Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի դադարել կարմիր գիծ լինել Իրանի համար. Շահնազարյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանն առ այսօր պնդում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, և Իրանը չի հրաժարվել այս մոտեցումից։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Թեհրանում լույս տեսնող հայկական «Aliq» թերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Նրա գնահատմամբ՝ ոչ մի սցենար չի կարելի բացառել: Նա հիշեցրել է, որ իրանական փորձագիտական շրջանակները մշտապես ահազանգում են նրա մասին, որ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է, և որ առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի ռազմական ճանապարհով հասնել իր նպատակներին, իսկ այժմ Բաքուն փորձում է այս հարցում բացառել Իրանի միջամտությունը:
Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների փոխայցելություններն առնչվում են վերջին օրերին երկրների միջև հարաբերություններում լարվածության աճին, կարծում է Շահնազարյանը։
«Այս պահին ես չեմ կարծում, որ այս վիճակը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Ես կարծում եմ, որ հարաբերական «հրադադարն» ավելի ձեռնտու է նրանց։
Բացի դրանից, տարածաշրջանում տեղի են ունենում սրընթաց աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք պոտենցիալ կփոխեն աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, և կողմերը փորձում են այս պայմաններում որոշակի դիրքորոշում գրավել։
Իրանը փորձում է տնտեսական գործոններով դիվիդենտներ ստանալ Ադրբեջանից, շահագրգռել Բաքվին, հնարավորության դեպքում հավասարակշռել իսրայելական գործոնը և Ադրբեջանին հեռացնել հնարավոր հակաիրանական գործողություններից։ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունների մակարդակը մի քանի քայլ առաջ է Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների մակարդակից, որը սպառնալիք է Թեհրանի համար»,- հավելել է նա։
Նրա կարծիքով՝ Իրանը կորցրել է իր դիրքերը Սիրիայում, Լիբանանում, իսկ Իրանի դիրքերն Իրաքում ևս այնքան էլ ամուր չեն, և այժմ Թեհրանը փորձում է թույլ չտալ, որ նույնը տեղի ունենա Հարավային Կովկասում։
«Ադրբեջանն իր հերթին փորձում է Իրանին հեռու պահել այն ամենից, ինչ բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից՝ Սյունիքի հարցի և Հայաստանի դեմ Բաքվի այլ պահանջների առնչությամբ»,- նշել է Շահնազարյանը։
Նա ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացումը լուրջ ազդեցություն կունենա նաև Հարավային Կովկասի վրա։
«Միգուցե Թրամփն ու Պուտինը պայմանավորվեն Ուկրաինայի հարցում, և այս խնդիրը լուծվի այնպես, ինչպես ցանկանում է Պուտինը և ինչպես ակնարկել է Թրամփը։ Դրանից հետո Ռուսաստանի ուշադրությունը կուղղվի Հարավային Կովկասի վրա, որը նա ներկայում զիջել է թուրք-ադրբեջանական տանդեմին։
Հաշվի առնելով, որ լարվածություն կա նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, հնարավոր է, որ Բաքուն փորձում է դիրքավորվել այնպես, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրի պայմաններում դուրս գա նվազագույն կորուստներով»,- եզրափակել է Շահնազարյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



