Օրվա կադրը. սահմանամերձ համայնքները մե՞րը չեն, օտարի՞նն են
ЛАЙФԼուսանկարն արվել է դեռեւս 6 տարի առաջ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում: Առ այսօր Բարեկամավանում «Հայփոստի» բաժանմունքը նույն տեսքն ունի: Մայրաքաղաք Երեւանում «Հայփոստն» արդիականացնում է իր մասնաճյուղերը, մեծ քաղաքներում՝ նույնպես: Բայց եւ չի խորշում Բարեկամավանում ու սահմանամերձ գյուղերում իր «բրենդը» ներկայացնել որպես խարխուլության, խրճիթայինի, ավերակի խորհրդանիշ:
Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնադրամներից մեկի օգնությամբ շուտով հնարավոր է՝ Բարեկամավանում համայնքային կենտրոն կառուցվի, եւ գյուղապետը հույս հայտնեց, որ եթե դա լինի, միգուցե տարածք հատկացվի նաեւ «Հայփոստին»:
Հարց է առաջանում՝ համա՞յնքը պետք է հոգ տանի «Հայփոստի» համար: Մասնավոր այդ ընկերությունը իր դեմքը պահելու, սահմանամերձ համայնքում գոնե նորմալ սպասարկման հնարավորություններ ստեղծելու գոնե բարոյական պարտավորություն չի՞ զգում, էլ չասենք սոցիալական պատասխանատվության մասին: Ի՞նչ է, Բարեկամավանն օտարի՞նն է: «Հայփոստի» Բարեկամավանի մանաճյուղի աշխատակիցները ադրբեջանցինե՞ր են, արժանի՞ չեն հարմարավետ ու տաքուկ մի անկյունի:
Գագիկ Աղբալյան



