Ես ուժեղի դիրքերից խոսելու կողմնակից եմ, իսկ հացադուլն իմ կարծիքով, հակառակն է. Արմեն Մկրտչյան
ИНТЕРВЬЮ
Արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է հացադուլի մեջ գտնվել Երևանի ավագանու անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Ընդդեմ էլեկտրաէներագիայի թանկացման շարժման ակտիվիստներն էլ պնդում են, որ շարժումը տեղափոխվել է նոր փուլ:
«Հայազն» կուսակցության անդամ, վերջին շաբաթների պայքարի ակտիվ մասնակից Արմեն Մկրտչյանը, մեկնաբանելով Սանասարյանի հացադուլը` Past.am-ին ասաց. «Նման տեսակի ակցիաները իմ կողմից մերժելի են, որովհետև ես ուժեղի դիրքերից խոսելու կողմնակից եմ, իսկ հացադուլն իմ կարծիքով, հակառակն է: Իշխանությունների հանդեպ ճնշում վարելու, ոչ թե խղճահարություն արթնացնելու, կողմնակիցն եմ:
Ամեն դեպքում, եթե Դավիթը որոշել է նման կերպ իր պայքարը շարունակել, դա իր ընտրությունն է, իր ճանապարհն է, միայն իրեն առողջություն եմ մաղթում և համբերություն»:
Շարժման ներկա իրավիճակը Արմեն Մկրտչյանը հետևյալ կերպ բնութագրեց. «Շարժումը, կարծում եմ, «բերքահավաքի» փուլ է անցել, որովհետև իր գցած արմատները բավական խորն են՝ սերնդափոխության, հաջողություններ արձանագրելու և այլ առումներով: Այն դարձավ իշխանությունների վրա ռեալ ճնշման գործիք, այլ ոչ թե հանրահավաքային խոսք արտահայտնելու միջոց:
Շարժումը դարձավ մի յուրահատուկ «ծառ» նոր քաղաքական մշակույթի մեջ, որի պտուղները շուտով պետք է քաղենք: Ես համոված եմ,որ ապագա քաղաքական գործընթացների հիմքում այս շաժման ակտիվիստները, շարժման համար ջանք և եռանդ դնողները, բավակին մեծ դեր են ունենալու: Նաև կարծում եմ,որ այդ քաղաքական գործընթացները չեն ուշանա:
Լևոն Փանոսյան




















































