Վանաձորում արձանագրվել է սնկից թունավորման 3 դեպք
ОБЩЕСТВОԼոռու մարզի Վանաձոր քաղաքում սնկից թունավորման նոր դեպքեր են գրանցվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ներկայում բոլոր տուժածները դուրս են գրվել՝ լավացումով:
Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի, սննդում չօգտագործել հում սունկ, սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, չգնել խառը, չտեսակավորված սունկ:
Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի: Առանձնահատուկ սնկի օգտագործումից պետք է զերծ մնան հղի կանայք, կերակրող մայրերը և երեխաները:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց:
Մասնագետները նաև հիշեցնում են, որ ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Թունավորման նախնական ախտանշաններն են. սրտխառնոց, փսխում, սուր ցավեր, որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ: Իսկ վերը նշված ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:



