Հայաստանի մայրաքաղաքում ամեն անկյունում մի սրճարան կգտնեք, բայց եթե դուք ուզում եք մաքսիմալ հաճույք ստանալ, ապա պետք չէ շատ տարվեք նստակյաց կերուխումերով. թափառեք այս հյուրընկալ քաղաքով, որտեղ ամառը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր, իսկ հետո մեքենայով կամ էքսկուրսիոն ավտոբուսով շրջեք դրա մերձակայքերով:
1. Մտորել հոգու մասին

Երևան մեկնել արժե արդեն իսկ Արարատը տեսնելու հնարավորության համար: Պարզ եղանակին այն երևում է ամբողջությամբ և պարբերաբար փոխում է գույները՝ մեկ երկնագույն է, մեկ վարդագույն երանգներով է պատվում, իսկ երբեմն էլ կարող է միայն ձյունածածկ գագաթը երևալ, կամ էլ ընդհանրապես չերևալ: Անհնար է պոկել հայացքը այս բիբլիական սարից, որն ավելին է, քան ուղղակի սուրբ սարը, այն բոլոր հայերի հոգին է:
2. Խոնարհվել սրբությունների առջև

Շատ հազվադեպ է լինում, երբ զբոսաշրջիկները սահմանափակվում են միայն Երևանով: Դրա մերձակայքում կան պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ: Օրինակ՝ Արարատի ստորոտին կառուցված հնագույն եկեղեցիներից մեկը՝ Խոր Վիրապը:
3. Զմայլվել խաչքարներով

Հայատանում որտեղ էլ գնաք, անպայմանորեն կտեսնեք խաչքարեր: Միայն Սևանի Նորադոզ գյուղի մոտ կա մոտավորապես 900 խաչքար, որոնք խորհրդանշում են քրիստոնեության հայկական ընկալումն ու առանձնահատկությունը: Բաց չթողնեք նաև Գոշավանք այցելելու հնարավորությունը:
4. Տեսնել աշխարհը հանճարի աչքերով

Կիևում տարիներ ապրած թբիլիսահայ Սերգեյ Փարաջանովը Վերակառուցման ժամանակ պատրաստվում էր հաստատվել Երևանում: Հանճարեղ ռեժիսորի մահվանից հետո նրա համար կառուցված տանը բացեցին նրա տուն-թանգարանը, որը պարզապես պարտավոր է այցելել արվեստի սիրահար ցանկացած զբոսաշրջիկ:
5. Համտեսել տոլմա այնտեղ, որտեղ այն սիրում են պատրաստել
Հիշո՞ւմ եք «Միմինոյի» լեգենդար ֆրազը. «Просто у вас не умеют готовить долма»… Դե ինչ, Երևանում տոլմա պատրաստել գիտեն ու շատ լավ գիտեն, ուստի բաց չթողեք այն համտեսելու հնարավորությունը:
6. Համոզվել, որ տոլման դեռ ամենը չէ
Քչերը գիտեն, որ հայկական խոհանոցը երկու մաս ունի. արևելահայկականը տարածված է ժամանակակից ՀՀ-ի տարածքում, իսկ արևմտահայկականը նախընտրում են անհիշելի ժամանակներից Մերձավոր Արևելքում բնակվող հայերը: Հայրենադարձության տարիներին հայրենադարձ հայերը իրենց հետ բերեցին նաև արևմտահայկական խոհանոցի ավանդույթները. լահմաջո, իշլի-քյուֆթ, հումուս և այլն:
7. Այցելել երկրի հոգևոր կենտրոնը

Հայաստանում այցելության համար պարտադիր կետերից մեկը, անկասկած, Էջմիածինն է, որը Հայ Առաքելական եկեղեցու նստավայրն է, իսկ Մայր Աթոռի գլխամասում են գտնվում Կաթողիկոսի նստավայրը, հոգևոր ճեմարանը և գլխավոր տաճարը: Բացի Մայր տաճարից, Էջմիածինը կարող է հպարտանալ նաև մի շարք այլ ճարտարապետական գլուխգործոց-եկեղեցիներով, ինչպիսիք են Սուրբ Գայանեի ու Սուրբ Հռիփսիմեի եկեղեցիները:
8. Գտնել լեռներում թաքնված վանքը

Նորավանքը գտնվում է Երևանից 112 կիլոմետրի վրա, բայց դեպի Նորավանք տանող ճանապարհն այնքան գեղատեսիլ է, որ պարզապես չես հասցնում ձանձրանալ: Նորավանքը եզակի է նրանով, որ այն ունի Հայր Աստծո դեմքով որմնանկար, ինչը բացառիկ երևույթ քրիստոնեական ճարտարապետության մեջ:
9. Գորգ գնել
«Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ ամեն շաբաթ-կիրակի գործում է «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառը, որտեղ կարելի է գնել բազմազան ապրանքներ՝ տարբեր արժեք ունեցող անտիկվարիատ, հին գորգեր, արծաթ, հեղինակային կերամիկա, սպասք, ազգային երաժշտական գործիքներ, օնիքսե ծաղկամաններ, և այս ցուցակը կարելի է շարունակել ու շարունակել:
10. Լողանալ «շուռ եկած երկնքի» մեջ

Սևանա լիճն այնքան բարձրադիր է, որ երբ կանգնած ես դրա ափին, թվում է, թե լճի ջրային մակերևույթը ուր որ է կդիպչի երկնքին: Լիճը շրջապատված է լեռնաշղթաներով, իսկ լճի ջուրը պարբերաբար փոխում է իր գույնը բաց փիրուզագույնից մինչև մուգ կապույտ: Սևան այցելելիս չմոռանաք բացի արևից պաշտպանող քսուկներից, նաև տաք շոր վերցնել ձեզ հետ, որովհետև թեև ցերեկային ժամերին Սևանում կարող է շոգ լինել, երեկոյան սառը քամիներ են փչում: