Հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
ПОЛИТИКАՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը հունվարի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ:
Վահրամ Շահինյանը Լուկաս Գասսերի խնդանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր խոսքում կարևորել է Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ համակարգում նմանօրինակ գործառույթներ ունեցող կառույցի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության միջև ստեղծվող արդյունավետ համագործակցության դիրքորոշումը` քննչական մեթոդիկայի, քննության կազմակերպման և փորձի փոխանակման շրջանակներում:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:



