Ամենաանկեղծ հանրապետականը
АНАЛИТИКА
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ընտրակեղծարարին գնդակահարություն չի հասնում: Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ, քանի որ բավական անշնորհակալ գործ է որոշել, թե ինչի համար է գնդակահարություն հասնում, ինչի համար՝ ոչ: Սակայն առավել հետաքրքիր են Վահրամ Բաղդասարյանի հիմնավորումները, թե ճիշտ չի լինի ընտանիքից կտրել մարդուն, միայն նրա համար, որ վերջինս ընդամենը փորձել է կաշառել հանձնաժողովի անդամին՝ ընտրությունը կեղծելու համար:
Ըստ հանրապետական պատգամավորի՝ հարկավոր է ոչ թե խստորեն պատժել նման մարդկանց, այլ երևույթը վերացնել: Այստեղ հարց է ծագում, թե ինչպես է պատրաստվում Վահրամ Բաղդասարյանը վերացնել երևույթը, երբ նրա առկայության գլխավոր երաշխիքը հենց իշխանության ցանկությունն է: Ավելին, Վահրամ Բաղդասարյանը փաստում է, որ հանրապետականների բոլոր հայտարարություններն առ այն, թե ընտրակեղծարարները արջի ծառայություն են մատուցում հենց իրենց, ընդամենը քարոզչական հնարք էր, որից հեշտությամբ կարելի է հրաժարվել հերթական ընտրակեղծիքից հետո:
Որքան էլ տարօրինակ հնչի, Վահրամ Բաղդասարյանն անկեղծ է, նա ուղղակի առանց խուսափելու ներկայացնում է իր կուսակցության դիրքորոշումն ընտրակեղծիքների ու ընտրակեղծարարների նկատմամբ: Վերջիվերջո, Վահրամ Բաղդասարյանն փայլուն կերպով տեղյակ է, թե ինչի համար են կատարվում ընտրակեղծիքները և որ օղակներից եկած պատվերներով: Սա իմանալուց հետո բնական է, որ ո´չ Վահրամ Բաղդասարյանը, ո´չ էլ որևէ այլ հանրապետական հակված չէ խստորեն պատժել ընտրակեղծարարին, քանի որ առջևում դեռ նոր ընտրություններ ու ընտրակեղծիքներ կան, որոնք իրականություն դարձնելու համար ներկայիս իշխանական կուսակցությանն անհրաժեշտ են համապատասխան գործիքներ՝ ընտրակեղծարարների տեսքով:
Վահրամ Բաղդասարյանը նաև որոշակի կոչ է հղում ապագայի ընտրակեղծարարներին, որ պետք չէ առանձնապես անհանգստանալ, քանի որ վարչակարգը երբեք յուրայիններին չի լքում, համենայնդեպս, մինչև այն պահը, քանի դեռ հրատապ չէ քավության նոխազի առկայությունը:
Բացի այս, ամենայն հավականությամբ, չի բացառվում, որ հայտնի ընտրակեղծարարը իր պայմանական պատժի դիմաց որևէ կերպ փոխհատուցում ստացած լինի ընտարկեղծիքի պատվիրատուներից:
Աղասի Մարգարյան
Past.am, վերլուծաբան




















































