Հետկոալիցիոն, թե նախակոալիցիոն խանդի հողը
ПОЛИТИКА«Ժամանակ». «ԲՀԿ-ն երբեք առեւտուր չի արել ու չի անի, եւ պաշտոնների համար չէ, որ սահմանադրական փոփոխություններին աջակցություն է հայտնել: Մոտավորապես այսպիսի հայտարարությամբ է երեկ հանդես եկել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Այս հայտարարությունը ուշագրավ է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի երեկ արած հայտարարության ֆոնին, ըստ որի Դաշնակցությունը սկզբունքորեն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը կոալիցիա կազմելու վերաբերյալ:
Ահա այս հայտարարության ֆոնին ԲՀԿ նախագահի գնահատականները, ըստ էության, անուղղակիորեն հանդիսանում են մեղադրանք ՀՅԴ-ին՝ Սերժ Սարգսյանի հետ առեւտրի համար, եւ սահմանադրական փոփոխություններին աջակցելու, այսպես ասած, նյութապաշտական մոտիվների համար:
ԲՀԿ-ն հայտարարում է, որ կոալիցիայի առաջարկ կուսակցությանը չի եղել, եւ իրենք էլ կոալիցիա կկազմեն այն դեպքում, եթե ունենան քաղաքական որոշումների վրա ազդելու լծակներ: Ի՞նչ է սա նշանակում՝ ԲՀԿ-ն զրկվե՞լ է կոալիցիոն առաջարկ ստանալու հույսից եւ այդ իսկ պատճառով անուղղակի, սակայն կոշտ ակնարկներով քննադատում է Դաշնակցությանը: Իհարկե, ԲՀԿ-ն այս առումով Դաշնակցության հանդեպ քննադատության կամ խանդի պատճառներ ունի, քանի որ ինչպես երեւում է ԲՀԿ-ի, այսպես ասած, կոալիցիոն տեղը ՀՀԿ-ի կողքին կարող է զբաղեցնել ՀՅԴ-ն: ԲՀԿ-ին այս դեպքում կարող են բաժին հասնել ընդամենը փշրանքներ, եւ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այս կուսակցությունը ողջ իշխանությանն էր հավակնում:
Ինչպես Հայաստանի ներիշխանական իմաստնությունն է ասում, ամբողջի հետեւից վազողը մասն էլ կկորցնի: Սակայն ԲՀԿ-ի դիրքորոշման հարցում, իհարկե, կարող է նշմարվել եւս մի հետաքրքրական ենթատեքստ:
Փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» հայտնվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, եւ ՀՅԴ-ին ուղղված ԲՀԿ-ի ակնարկները, ըստ էության, կարող են վերագրվել Հովիկ Աբրահամյանին: Սա կարո՞ղ է նշանակել Աբրահամյանի դժգոհությունը նաեւ Սերժ Սարգսյանից, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Սերժ Սարգսյան-ՀՅԴ պայմանավորվածություններում ինչ դեր եւ մասնակցություն կունենա Աբրահամյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



