Բաքուն, Բաղրամյանն ու միջազգային հանրությունը. Պարադոքսալ ցնցումներ
ПОЛИТИКАՎերջին շրջանում Երևանն ու Բաքուն պայթյունաշատ էին: Չէ, այս անգամ սահմանին բան չկար (կամ գրեթե բան չկար), բայց եթե Բաքվում Ալիևը հպարտանում է իր երկրում տեղի ունեցող ՙՙգերկազմակերպված «Եվրոպական խաղերով», միաժամանակ աչք փակելով բոլոր դժբախտ պատահարների վրա, ապա Հայաստանում իշխանությունները փորձում էին լեզու գտնել արդարացի պահանջի դուրս եկած, սկզբում միասնական, հետո՝ հայեցի ցույցի մասնակիցների հետ:
Որքան էլ մենք գտնում ենք միջազգային այն եզակի ԶԼՄ-ներին, որոնք անդրադառնում են Բաքվի արյունոտված միջոցառմանը, բայց այնուամենայնիվ, լրատվական դաշտի հիմնական մասը լուսաբանում են ոչ թե պատահարները, այլ պարզապես՝ Եվրոպական խաղերն ու այնտեղ հանդես եկած Լեդի Գագային: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ. Հետաքրքիր է ստացվում, բայց փաստորեն, մենք սրանից խաղաղ ցույց դեռ չէինք ունեցել (խաղաղն, իհարկե, այս դեպքում վերաբերվում է ցուցարարներին), սակայն միջազգային ամենահայտնի լրատվամիջոցներով, ամեն հինգ րոպեն մեկ թարմացվում էին այն ստահոդ տեղեկությունները, թե Երևանը Մայդան է դառնում, ցուցարարները զինված հարձակումներ են գործում և այլն, և այլն:
Այս լրատվական պարադոքսն ամենևին էլ ցեխ չի շպրտում այն ցուցարարների վրա, ովքեր դուրս էին եկել արդար պահանջով, սակայն այս պարագայում ամենացավալին այն է, որ փաստորեն տասնյակ հազարավոր ցուցարարների ու ամբողջ ժողովրդի պահանջները չիրականացան, և մեզ մնաց միայն միջազգային կեղտոտ լուսաբանումն ու միջազգային հանրության ՙաչքից ընկածի՚ կարգավիճակը:
Իսկ ի՞նչ եք կարծում, գուցե բանը սրան չհասներ, եթե կազմակերպված, միասնական ու համախմբված ցույցը կեսից չդառնար հայավարի ցույց, եթե հենց առաջին օրվանից կազմակերպված ու լավ նախադեպը չունեցող ցուցանիշների հասած նախաձեռնող խմբին վստահեր ժողովուրդը: Իսկ վստահության արմատներն, ինչ խոսք կային, և դա ապացուցեց ժողովրդի այդ աստճան բազմամարդ լինելը: Պարզապես մենք սովոր ենք կիսվելու, դեռ վաղուց, 387-ից: Գուցե այն ժամանակ ուժերն էին տարբեր, սակայն ինչ տարբերություն: Թող չլինի պարսիկ ու թուրք, թող լինի Եվրոպա ու Ռուսաստան կամ ինչու ոչ՝ Բաղրամյան ու Ազատության հրապարակ: Կարևորը՝ կիսվենք: Դե արի ու այս ամենը հասկացրու միջազգային հանրությանը:
Արուսիկ Տիգրանյան



