Պատգամավորը կարևորում է Հայաստանում ուժեղ ընդդիմության ձևավորումը
ПОЛИТИКАԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Խոսրով Հարությունյանըկարևորում է Հայաստանում ուժեղ ընդդիմության ձևավորումը: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ քաղաքական համակարգը կայանում է առողջ մրցակցության պայմաններում, իսկ առողջ մրցակցության համար հարկավոր է ունենալ ունակ և ուժեղ ընդդիմություն: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստեղծի օրենսդրական, իրավական, ինչու ոչ՝ նաև միջանձնային բոլոր պայմանները, որպեսզի ընդդիմությունը Հայաստանում կայանա: Սրանում շահագրգռված ենք բոլորս և շահագրգռված են իշխանությունները: Ուժեղ ընդդիմությունը պետք է բոլորին, պետք է հանրությանը»,- նշեց Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանում ընդդիմության ձախողումները պայմանավորված են հենց ընդդիմությամբ: Նրա խոսքով՝ ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարողանում ներկայանալ հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինով: «Նրանք հանրությանը ներկայանում են միայն ինչ-որ մեկի դեմ պայքարելու գործիքակազմով, որը վաղուց իրեն սպառել է: Այդ մարտավարությունն այլևս արևի տակ տեղ չի կարող ունենալ և հաջողությունների չի կարող բերել»:
Պատգամավորը դժվարացավ հստակ պատասխանել հարցին, թե հնարավոր կլինի՞ 2016 թ. հասնել նրան, որ Հայաստանում ուժեղ և կայացած ընդդիմություն ձևավորվի, սակայն նկատեց, որ 2016 թ. նախընտրական տարի է, ուստի շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը կարողանան սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը ճիշտ հրամցնել հանրությանը:



