«Գովք անմահ հերոսներին» գրքի նպատակը պատերազմի բովով անցած տղաներին ապրեցնելն է. «Փաստ»
ИНТЕРВЬЮ
«Փաստ» օրաթերթը գրում է
Ալինան ստեղծագործել սկսել է երրորդ դասարանից, տպագրվելու մասին չի էլ մտածել: «Ինքս ինձ համար էի գրում: Մի անգամ սոցիալական ցանցում տեսա, որ 44-օրյա պատերազմի զոհերի մասին գիրք է պատրաստվում, դիմեցի, ասացի, որ ունեմ տղաներին նվիրված ստեղծագործություններ: Համահեղինակային՝ «Համազարկ վասն խաղաղության» գրքում մոտ երեք տասնյակ հերոսի մասին ձոներ եմ գրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա և շարունակում. «Հետո ինձ հուշեցին՝ պետք է հեղինակային գիրք ունենալ: Բավականին երկար ժամանակ երկմտում էի, պատասխանատու քայլ էր, բայց ուժերս մեկտեղեցի ու հանձն առա այս կարևոր գործը: Սոցիալական ցանցի իմ էջում գրեցի ցանկությանս մասին, տղաների ծնողներն արձագանքեցին, սկսեցին նյութեր տրամադրել»:
Ալինա Մխեյանի «Գովք անմահ հերոսներին» գրքի առաջին հատորի շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 5-ին՝ Լանջիկի մշակույթի տանը: Գիրքը փաստավավերագրական, գեղարվեստական ժողովածու է: Առաջին հատորում 44-օրյա պատերազմում զոհված 100 անմահ հերոսի կենսագրական տվյալներն են, նրանց մասին բանաստեղծություններ և իրապատումներ։ «Հերոսներին ուղղված իմ ձոներում ներկայացնում եմ մայրիկների թախիծը, ցավն ու սպասումը: Գրքում տեղ են գտել նաև տղաների ընտանիքների տրամադրած տվյալները նրանց քաջագործությունների մասին կամ էլ հարազատների հուշերը: Երկրորդ հատորը, որը ներկայացնում է 108 հերոսի կյանքի պատմություն, խմբագրման և սրբագրման փուլում է. հուսով եմ՝ ապրիլին տեղի կունենա շնորհանդեսը: Այս կարևոր գործն, իհարկե, շարունակական է լինելու: Նպատակ ունեմ գրել նաև պատերազմից վերադարձած մեր հերոսների մասին, պատմել նրանց սխրագործությունների մասին»,-ասում է Ալինան:
Հեղինակը հավելում է՝ երբեմն նաև հիասթափության պահեր է ունեցել՝ ամենատարբեր պատճառներով, մտածել, որ այլևս չի գրի, սակայն գերբնական մի ուժ ստիպել է շարունակել ստեղծագործական ընթացքը. «Մեր կյանքով պարտական եմ տղաների չապրած տարիներին, ուստի պարտավոր եմ ապրեցնել իրենց: Պատմելով մեր քաջ տղաների սխրագործությունների մասին՝ հետագայում անվախորեն նայելու եմ հետագա սերունդների աչքերին, ասելու, որ ես էլ իմ բաժին պարտքը տվեցի տղաներին: Նրանց երազանքները կիսատ մնացին, իրենց կյանքը հանուն մեր կյանքի զոհեցին: Ծնողներն օրհնանքի ու շնորհակալության անթիվ խոսքեր են ուղղում ինձ, ասում են՝ «Ալինա ջան, մեր թթվածինն ես, քեզանով ենք ապրում»:
Դրանից առավել որևէ բան լինել չի կարող, դա է ամենամեծ պարգևը: Իհարկե, հոգեբանորեն շատ դժվար է, քանի որ վերապրում եմ յուրաքանչյուր տղայի պատմությունը, բայց սեփական ապրումները թաքցնել ևս չեմ կարող, պետք է ցավը վերապրես և զգացածդ թղթին հանձնես: Մտադիր էի գրքի երկրորդ հատորի վրա աշխատանքներն ավելի ուշ սկսել: Տղաներից մեկի մայրիկը զանգահարեց՝ «շատերին եմ դիմել, որ գրքերում տղայիս մասին գրեն, մերժել են»: Տղան ծառայել էր, պատերազմի օրերին եղել թեժ կետերում, հիվանդացել թոքաբորբով, պատերազմից հետո մահացել: Այս պատմությունը գրքի երկրորդ հատորի ստեղծման հիմնաքարը դարձավ»:
Գրքերի տպագրման ծախսերը հոգում են տղաների ընտանիքները: Առաջին հատորի դեպքում խմբագրական աշխատանքների համար գումար է հատկացրել Շիրակի մարզպետարանը, երկրորդի դեպքում ամբողջ ծախսը հոգացել են ընտանիքները
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


























































