8-րդ հարկից ընկած աղջկան ողնաշարի նոր վիրահատություն է անհրաժեշտ՝ հաշմանդամ չմնալու համար (տեսանյութ)
ВИДЕО1in.am-ը գրում է.
Հունվարի 3-ին Արաբկիր համայնքում 8-րդ հարկից ընկած և հրաշքով ողջ մնացած 23-ամյա աղջիկն այժմ բուժումը շարունակում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի նյարդաբուժական բաժնում:
Աղջկան բուժող բժիշկ, ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աղջկա վիճակը ծանր է, քանի որ խոսքը զուգակցված գանգուղեղային և ողնուղեղային ծանր վնասվածքի մասին է: «Հիմնական խնդիրն այն է, որ առկա է բազմաթիվ բազմաբեկորային ողնաշարի վնասվածք»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ այժմ աղջկա ստորին վերջույթներն անշարժ են: Ըստ բժիշկի՝ աղջկան առաջիկայում անհրաժեշտ է ողնաշարի ևս մեկ վիրահատություն՝ ֆիքսացիա, իսկ հետագայում պետք է կիրառվի շատ ակտիվ ռեաբիլիտացիոն բուժում, և վերջնական արդյունքները կերևան 1.5-2 տարուց:
Դեռ հնարավոր չէ նաև ասել՝ աղջիկը կքայլի՞, թե՞ ոչ: Դրա համար ևս հրաշք է պետք: «Այդ հարցի պատասխանը կտա միայն ժամանակը»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ դեռևս շատ վաղ է լիարժեք գնահատական տալ կլինիկական պատկերին:
Հոգեկան ի՞նչ վիճակում է գտնվում 8-րդ հարկից ընկած աղջիկը՝ մեր հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժն ասաց, որ նրա գիտակցությունը պարզ է, կատարում է բժշկական բոլոր հրահանգները:
Նշենք, որ ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչու է աղջիկն ընկել 8-րդ հարկից. հրաշքով ողջ մնացած աղջիկը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Շրջանառվող տեղեկություններով՝ 23-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել:
Նշենք, որ նա Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մեկ անգամ արդեն վիրահատվել է:
Մանրամասները դիտեք տեսանյութում`



