Արցախի պետնախարարն ամրապնդում է Արցախի միասնականությունը
АНАЛИТИКА
«Արցախի ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով, ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը հայրենի հողում ապրելու վճռականությունը»։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս մասին գրել է ֆեյսբուքում, իր սուրբծննդյան ուղերձում։
Ըստ պետնախարարի՝ «մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել, մեր հայրենիք նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա և շարունակելու ենք ապրել, ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը»։
Տակավին ամիսներ առաջ Արցախ տեղափոխված և պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանը բավական արդյունավետ աշխատանք է իրականացնում՝ ոչ միայն համակարգելով օպերատիվ շտաբի աշխատանքները, այլ նաև լուրջ աշխատանք տանում Արցախում միասնականության գաղափարն առաջ մղելու համար, ընդ որում նրա դեմ բավականին լուրջ և ազդեցիկ ուժեր են աշխատում, սակայն պետնախարարին հաջողվում է կանխել բոլոր նման դրսևորումները, իսկ երեկ էլ պետնախարարը Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ կողք կողքի մասնակցում էր Սուրբ Ծննդյան պատարագին, իսկ տարածված լուսանկարները բավականին մեծ արձագանք են գտել Արցախում, բարձրացրել արցախցիների տրամադրությունը, որոնք տեսնում են, որ իրենց ղեկավարները միասնական են և գտնվում են Արցախում։
Ըստ էության, փաստ է, որ Արցախում հնարավոր է հաջողության հասնել միայն բացառիկ համախմբվածության և կազմակերպվածության շնորհիվ, և առաջին հերթին պատասխանատուն հենց օրվա իշխանությունն է, ուստի չի կարելի չգնահատել Ռուբեն Վարդանյանի այս քայլը։
Դավիթ Մուրադյան




















































