Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է դատի տալ Արթուր Սողոմոնյանին և միջոցներ ձեռնարկել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ
СПОРТԱյսօր հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան՝ կապված «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի վերջին հարցազրույցի ու մասնավորաբար ՀՖՖ-ի վերաբերյալ նրա մի շարք հայտարարությունների հետ: Հայտարարությունը՝ ստորև.
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:



