Ֆրունզիկ Մկրտչյանին Աստված հսկայական տաղանդ էր տվել. Ալբերտ Մկրտչյան
КУЛЬТУРА
Ռուս հեռուստադիտողը սիրված դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին վերաբացահայտելու հնարավորություն կստանա: «Մեր մանկության տանգոն» ֆիլմը և սիրված դերասանի մասին պատմող «Ֆրունզե Մկրտչյան. վերջին կատակերգուի տխուր պատմությունը» վավերագրական կինոնկարը հուլիսի 4-ին կներկայացվեն «России К» հեռուստաալիքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսսիյսկայա գազետա»-ն գրում է, որ կինոնկարներ ցուցադրելու առիթը թատրոնի և կինոյի սիրված դերասանի 85-րդ հոբելյանն է: Վավերագրական կինոնկարում Ֆրունզիկի մասին խոսում են նաև Ալբերտ Մկրտչյանը, Ալլա Սուրիկովան և Գեորգի Դանելիան:
«Նա նիհար էր, մեծ քթով, բայց պարզվեց, որ Աստված նրան հսկայական դերասանական տաղանդ է տվել: Մենք ապրում էինք կոմունալ բնակարանում: Ֆրունզիկը, որն այդ ժամանակ 10 տարեկան էր, երկրորդ հարկի մուտքի հատվածը թատերական բեմի վերածեց, դրեց վարագույր, որն ամեն անգամ անձամբ բացում էր և մեզ ցույց տալիս մոնոներկայացումներ: Մենք ծիծաղում էինք, տխրում, իսկ նա իմպրովիզներ էր կատարում, խոսում էր այն ամենի մասին, ինչ խելքին փչի, բայց դա էր իսկական արվեստը»,-նշել է դերասանի եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:
Կայքը գրում է, որ Ֆրունզիկ Մկրտչյանը նուրբ ձևով ներթափանցում էր իր հերոսների բնավորության մեջ: Մհեր Մկրտչյանին մոտիկից ճանաչած մարդիկ վստահ են, որ նրա տաղանդի ողջ ուժը հասկանալու համար հարկավոր է նրան տեսած լինել թատրոնում: Մկրտչյանի գործընկեր և ընկեր Սոս Սարգսյանը նշել է, որ նա փոթորկի պես է ներխուժել թատրոն: «Միանգամից սկսել է խաղալ մեծ դերեր, դարձել հանդիսատեսի սիրելին: Ֆրունզիկը բեմում մեծ տոն էր: Նա զարմանալի մարդ էր»,-Սոս Սարգսյանի խոսքերն է մեջբերել «Ռոսսիյսկայա գազետա»-ն:




















































