ՀՀ վարչապետը չի բացառել կառավարության կազմը կրճատելու հնարավորությունը
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառել 2016թ. կառավարության կազմը կրճատելու հնարավորությունը: Նա հարցին անդրադարձել է ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում` դրական պատասխանելով հարցին` արդյոք հաջորդ տարի կառավարության կազմը կրճատվելո՞ւ է:«Այո, մենք քայլեր ենք անե լու, որպեսզի օպտիմալացման գնանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց վարչապետը:
Անդրադառնալով կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մասին խոսակցություններին` վարչապետը նշեց, որ փոփոխությունները միշտ էլ հնարավոր են: «2016թ. տնտեսական նոր մոտեցումներ են լինելու, նաև կլինեն ավելորդ ծախսերի կրճատումներ: Բոլոր ֆինանսական միջոցներն ուղղելու ենք արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Մենք իրականացնելու ենք արդյունավետ ծրագրեր, որոնք լինելու են շարունակական և հետևողական»,- ասաց Աբրահամյանը: ՀՀ վարչապետը չպատասխանեց հարցին` որոշե՞լ է արդյոք, թե որ նախարարներն այլևս չեն աշխատելու:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց լրագրողներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ` մաղթելով բոլորին հանդուրժողականություն, երջանկություն և խաղաղություն: «Մենք միասին կհաղթահարենք այսօրվա մարտահրավերները: Պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր ազգաբնակչության մոտ դրական էմոցիաներ ստեղծենք: Համոզված եմ, որ մենք ունենալու ենք նորանոր ձեռքբերումներ: Դուք դա կտեսնեք: Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք և պետք է փորձ անենք դրանք միասին իրականացնել: Դա է մեր ապագա հաջողության գրավականը»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:



