Ողջ իրականությունը երեկվա «պառակտման» մասին
ОБЩЕСТВОԵրեկվա իրադարձություններից հետո բուռն քննարկումներ են անցկացվում, կապված «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների ունեցած դերի մասին: Այս առումով Past.am-ը զրուցեց Նախաձեռնող խմբի անդամ Միհր Ավագյանի հետ: Ներկայացնում ենք իրենց կատարած գործունեությունն ու ողջ եղելությունը:
-Սկզբնական շրջանում մենք հանդես ենք եկել, որպես կազմակերպիչներ, կազմակերպել ենք երթեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ, ավտոերթեր ու այլ բողոքի ակցիաներ: Հունիսի 19-ից սկսած, ակցիան փոխվեց և դարձավ ինքնաբուխ, մեր դերը ևս փոխվեց, մենք դարձանք այս ամենը պարզապես համակարգող: Երեկ մենք քննարկեցինք և որոշեցինք, որ այս հարցում իրավասու չենք, չենք կարող որոշել` մնա՞լ, թե՞ գնալ, որոշողը պետք է լինի ժողովուրդը: Երբ մենք նախաձեռնող խմբով քննարկման էինք, լուրեր էին հասնում, որ որոշ մարդիկ ցույցը այլ ուղղությամբ են տանում: Երբ վերադարձանք հարթակից, հստակ հնչեց, որ մնալ-գնալու որոշումը կայացնում է ժողովուրդը: Հետո սկսվեց բուռն քննարկում ժողովրդի մեջ, ես ներքևում էի, որպեսզի հասկանայի ժողովրդի կարծիքը:
Կարծիքները հավասարապես բաժանվեցին երկու մասի՝ մնալ կամ գնալ: Հետո չգիտեմ՝ ինչ կատարվեց, ու ժողովուրդը սկսեց իջնել Ազատության հրապարակ: Ինքս էլ չգիտեի՝ գնալը, թե՞ մնալն էր ճիշտ, որոշել էի մնալ մեծամասնության կողքին: Հետո սկսվեց մեղադրանքների անվերջ շարան, մեզ հասցրին դավաճան որակավորել:
Իրականում նախաձեռնությունը ոչինչ չէր որոշել, Ազատության հրապարակ իջած ժողովուրդը ինքնակամ գնաց: Իրավիճակը պայթյունավտանգ էր, մենք Բաղրամյան փողոցում երկու կողմից շրջափակման մեջ էինք, սակայն երբ մի զանգված գնաց Ազատության հրապարակ, մենք առավելություն ունեցանք, քանի որ հարձակման դեպքում, օգնություն կարող էինք սպասել Ազատության հրապարակից, ինչն, իմ կարծիքով, զսպեց ոստիկանությանը: Երկու ճակատներն էլ մերն են, պետք չէր իմն ու քոնը դնել, դա պարզապես մարդկանց ընտրության արդյունքն էր, պարզապես չպիտի թույլ տայինք ոմանց՝ պղտոր ջրում ձուկ բռնել:
Արուսիկ Տիգրանյան



