Ո՞ւր են Վանաձորի պատգամավորները. «Ֆեյսբուքում» (տեսանյութ)
ПОЛИТИКА«Կան մարդիկ, որոնք անընդհատ քաղաքապետի վատ աշխատանքից են խոսում, իրանք ի՞նչ են էլի արել էս քաղաքի համար: Այ հենց 84 բազմաբնակարան շենքերի գումարների պահանջը Ազգային ժողովում և կառավարությունում էդ մարդիկ պըտի դնեն և պահանջեն: Գյումրեցիների ամբողջ պատգամավորական խումբը շատ լավ աշխատում ա, և եթե խոսքը վերաբերում ա Գյումրի քաղաքին, նրանք միաբանված միանգամից պահանջները դնում են»: Օրերս համայնքի ավագանու նիստում նման համեմատություն արեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի հարցին՝ մեր պատգամավորներն ո՞ւր են, քաղաքապետը պատասխանեց. «Ես եմ ձեզ հարցնում, «Ֆեյսբուքում» միայն քաղաքապետարանի աշխատանքն են քննադատում: Լավ, ես վատն եմ ժողովուրդ, ես վատն եմ, ես գնում եմ, բայց քաղաքը մնալու ա, քաղաքն ո՞վ ա մաքրելու, քաղաքն ո՞վ ա կառուցապատելու: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 3200 ընտանիք չգիտի նույնիսկ ինքը տուն ունենալո՞ւ ա, թե՞ ոչ: Ես էս տարիների ընթացքում գոնե կարողացել եմ 86 բնակարան կառուցել և անօթևան մարդկանց, հիմնականում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովել: Իրանք ի՞նչ են արել»:
Քաղաքապետին արձագանքեց ավագանու անդամ՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մերձավոր շրջապատից Արմեն Մատինյանը. «Բերեք տարբերենք պատգամավորների աշխատանքը ու քաղաքապետի աշխատանքը: Պատգամավորն օրինաստեղծ գործունեությամբ ա զբաղվում, քաղաքապետը ղեկավարում ա քաղաքը»: Ինչին էլ քաղաքապետ Դարբինյանը պատասխանեց. «Ես շատ լավ տարբերում եմ պարոն Մատինյան, էդ դեպքում պատգամավորն ինչի՞ ա առավոտից իրիկուն ընկած քաղաքի փողոցները ժողովրդին քաղաքապետի անունից բաներ խոստանում կամ քաղաքապետին գրում՝ գիտեք, պարո՛ն Դարբինյան, էս ինչ փողոցը վերանորոգման կարիք ունի: Ուրեմն, բոլոր պատգամավորներից շատ լավ գիտեմ՝ որ փողոցը կառուցապատման կարիք ունի, որը կապիտալ վերանորոգման, որ շենքի տանիքն ա, որ պըտի կապիտալ վերանորոգվի, որ շենքի բնակիչները անհապաղ բնակարանով պըտի ապահովվեն: Կամ պատգամավորը գրում ա, որ քաղաքապետին դատի կտա, եթե տուրք սահմանի: Դա պատգամավորի խնդի՞րն ա: Եվ ինձ մի ցույց տա՝ ով ինչ պըտի անի»:
Տեսանյութը՝ Ադրինե Թորոսյանի



