Քաղաքականը սողոսկեց սոցիալական արդար պահանջի մեջ. այդ պահից չկա այդ պահանջը. կա որևէ շահ, կա ինչ-որ կուսակցական շահ. Վլադիմիր Գասպարյան
ПОЛИТИКАԻնչպես տեղեկացնում է Past.am-ը` այսօր ուշ գիշերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Ազատության հրապարակ, շրջել, պատասխանել լրագրողների եւ Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված մի խումբ ցուցարարների հետ:
Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես նշել է.
-Էն, ինչ որ դուք սկսեցիք, սրտովն էր յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում նաև իմ, որովհետև դա կպնում էր բոլորիս: Ավելին ասեմ, նույնիսկ ինչ-որ տեղ դա մեզ ավելի շատ էր պետք: Դուք ձեր արդար գործով, սոցիալական խնդրով, շատ բարի և լավ գործ արեցիք, որը պետք էր բոլորիս, այդ թվում՝ նաև մեր պետությանը: Բայց միշտ, ամեն տեղ հայտնվում են մարդիկ, ովքեր ուզում են փառքի հասնել, օգտվել դրանից, շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար, այդ ռադիկալ տեսակը չի ընդունում ոչինչ, երկխոսությունը ժխտող է, փակ, նա չի կարող արդյունավետ ինչ-որ բան անել:
Մենք ձեզ հետ միասին պայմանավորվել ենք: Ես Վաղինակի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Նույն հորդորը նա է ինձ խնդրել: Ես հետ եմ քաշել ոստիկանական զորքերը: Այս կոնկրետ գործողություններով ոստիկանությունը իր վստահությունը, հանդուրժողականությունն ու իր ակնարկն է տալիս: Ես կարծում եմ, որ դա պետք է ընկալելի լինի: Մենք հասկացել ենք, որ սա առանձին ինչ-որ բաներ են, և մեծ ֆոնը լուսավոր է, բարի ֆոն է: Ես անկեղծ եմ ասում, թող տարօրինակ չհնչի, մեկ ինձ հիստերիկ են ասում, մեկ էլ կարող է ասեն՝ տարել ա: Ոչինչ:
Ինչ-որ բան կորել է էնտեղ: Լույսը չկա: Լույսը էստեղ է եկել, էնտեղ շունչ է մնացել, եթե հասկանում եք, հասկացեք:
Որ պահին քաղաքականը սողոսկեց սոցիալական արդար պահանջի մեջ, էդ պահից չկա էլ էդ պահանջը, կա որևէ շահ, կա ինչ-որ կուսակցական շահ: Բայց էդ մի խմբի ճիշտն ա: Ես խնդիրը համարում եմ ոչ միայն լուծված, այլ համարում եմ գերազանց լուծված Ու դա շատ ավելի գերազանց արդյունքներ է ունենալու, քան դուք պատկերացնում եք: Սակայն դա աղտոտել կամ սենց ա կամ սենց… չի լինում էդպես:
Իսկ թե, ովքե՞ր են շահում նման ցույցերում, ոստիկանապետն ասաց.
-Կիվիրյաններ են շահում, Սեֆիլյաններ են շահում, հըլը թողեք, տեսեք իրենց ընտանիքի անդամները կհավաքավե՞ն իրենց կողքին: Տեսնում են լույսով մարդիկ հավաքված…Խառնեցին, խառնեցին, ձեր մեջ էլ գցեցին տարակուսանք:
Այն հարցին, թե վերջին մի շաբաթում ամեն ինչ խաղաղ էր, ինչու՞ հենց երեկ ոստիկանությունը սկսեց միջոցների պատրաստվել, ոստիկանապետը պատասխանեց.
-Նախագահի հայտարարությունից հետո, որտեղ կոնկրետ նշված է, թե պետությունը ինչ քայլեր է անում և նպատակները, ինչի՞ էստեղ ընկալում եղավ, էնտեղ չէ, սա հաղթանակ էր բառիս բուն իմաստով: Սա և իմ հաղթանակն էր և ոստիկանության հաղթանակն էր, բայց բոլոր հաղթանակներում կան դառնություններ, կան կորուստներ, իսկ էս պարագայում էդ կորուստը եղավ ռադիկալիզմը, որը դրսևորվում է էնտեղ: Շատերը ասում են՝ չենք հավատում, մի խաչակնքեք, գուցե հետ գա, մի հատ մեջդ նայի, գուցե գտնես: Ոչինչ, թող ստեն, դու հավատա:
Ես սպա եմ, իմ սպայական պատվով եմ ասում՝ նման հրահանգ չի եղել, չկա և չի կարող լինել գոնե այնքան, քանի դեռ ես ոստիկանության պետն եմ և պատվովս եմ երդվում՝ ոստիկանությունը սադրիչներ չի թողնում: Դա պատիվ չի բերում ինձ: Ես սպա եմ, ես հայ սպա եմ: Ես անցած ճանապարհ ունեմ էս երկրում, ես ընկել, վեր եմ կացել: Սա իմ երկիրն է, մեր տեսակների երկիրն է, իսկ էս տեսակը չպիտի մենք կորցնենք, բոլոր փառասերներով, էդ փառասիրությունը, էդ իշխանամոլությունը մեր հսկա պետությունը դարձել է էսքան (ցույց է տալիս բռունցքը): Թե վերջին 20 տարում մի 5000 կմ հետ բերեցինք, էդ է՞լ կորցնենք:
Արուսիկ Տիգրանյան



