Արմեն Աշոտյանը կոչով դիմել է դիմորդներին. Իմացեք ձեր իրավունքները
ОБЩЕСТВОՀայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դիմորդներին կոչ անում իմանալ իրենց իրավունքները:
Նա Facebook-ի իր էջում դիմելով դիմորդներին գրել է հետեւյալը.
«Քանի որ հանրապետության բուհերում շարունակվում են նաեւ պետական ավարտական (ամփոփիչ ատեստավորման) քննությունները եւ ես շատ նամակներ եմ ստանում նաեւ այս հարցով, հիշեցնեմ ուսանողներին մի շարք հանգույցային դրույթներ:
1. Ամփոփիչ ատեստավորման, ընթացքը (բացառությամբ թեստերով քննությունների) արձանագրվում եւ ձայնագրվում է: Ձայնագրությունը պահվում է արդյունքները հրապարակելուց հետո 24 ժամ:
2. Ամփոփիչ քննությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում շրջանավարտին մյուս ամփոփիչ քննությունները հանձնելու կամ ավարտական աշխատանքը պաշտպանելու իրավունքից, ինչպես նաեւ ավարտական աշխատանքի պաշտպանությունից «անբավարար» գնահատական ստանալը չի զրկում շրջանավարտին ամփոփիչ քննություններ հանձնելու իրավունքից:
3. Ավարտական աշխատանքը չպաշտպանած կամ ամփոփիչ քննությունները չհանձնած կամ «անբավարար» ստացած շրջանավարտին թույլատրվում է վերահանձնել (կրկնել) ավարտական աշխատանքի պաշտպանությունը կամ ամփոփիչ քննությունները հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին՝ այն առարկաներից, որոնք նախատեսված են եղել նրա ավարտման տարում գործող ուսումնական պլանով:
4.Շրջանավարտը կարող է բողոքարկել ամփոփիչ ատեստավորման կամ ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի գնահատականը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի, կամ առարկայական հանձնաժողովի նախագահին, արդյունքները հրապարակելուց հետո 1 ժամվա ընթացքում:
5. Շրջանավարտի ներկայությամբ լսվում է պատասխանի ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, կայացվում է որոշում:



