Գործազրկությամբ եւ բարձր հարկերով Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների մեջ առաջատար է
АНАЛИТИКА
Ռուսական ԱԻՖ գործակալությունը հաշվել է, թե նախկին ԽՍՀՄ երկրներից որի բնակիչներն են ապրում երկար, հարուստ եւ կուշտ:
Գործազրկությունը Հայաստանում, մյուս երկրների համեմատ, ռեկորդային է՝ 19,1 տոկոս: Հարեւան Ադրբեջանում այն հաշվարկված է ընդամենը 0,6 տոկոս, Ռուսաստանում՝ 4,1, Բելառուսում՝ 0,9, Ղազախստանում՝ 0,7, Ղրղզստանում՝ 2,3, Մոլդովայում՝ 1,7, Ուկրաինայում՝ 1,5 տոկոս:
Հայաստանում միջին աշխատավարձը, վերածած ռուսական ռուբլու, Հայաստանում հաշվարկված է 25 հազար 656 ռուբլի: Միջին աշխատավարձը, հաշվարկված ՌԴ ռուբլով, ամենաբարձրը Ռուսաստանում է՝ 32 հազար 176: Մեզնից շատ են ստանում Ադրբեջանում (30 հազար 250 ռուբլի), Բելառուսում (26 հազար ռուբլի) եւ Ղազախստանում (27 հազար 340 ռուբլի):
Օրինակ՝ Ղրղըզստանում միջին աշխատավարձը կազմում է 11 հազար 808 ռուբլի՝ ավելի քան 2 անգամ պակաս, քան Հայաստանում է, սակայն այդ գումարով այնտեղ կարող են գնել 64 կիլոգրամ միս, իսկ Հայաստանում՝ 84 կիլոգրամ: Օրինակ՝ Բելառուսում 26 հազար ռուբլով հնարավոր է գնել 116 կիլոգրամ միս: Սա խոսում է այդ երկրում տնտեսության տարբեր ճյուղերի, այս դեպքում՝ անասնապահության, զարգացման պատկերի մասին: Եթե Հայաստանում 25 հազար 656 ռուբլուն համարժեք աշխատավարձով կարելի է գնել 1282 կիլոգրամ կարտոֆիլ, ապա Բելառուսում, 26 հազար ՌԴ ռուբլուն համարժեք աշխատավարձի պայմաններում, 1742: Ղազախստանում 11 հազար 120 ռուբլուն համարժեք աշխատավարձով էլ կարելի է գնել 1093 կիլոգրամ կարտոֆիլ:
Հարկերի առումով նույնպես, Հայաստանում վիճակն ամենավատն է: Այստեղ հարկվում է եկամտի 24,4 տոկոսից 26 տոկոսը, իսկ Ռուսաստանում եւ Բելառուսում՝ 13, Ղազախստանում եւ Ղրղզստանում՝ 10, Մոլդովայում՝ 7-18: Պատկերն այնքան էլ բարվոք չէ նաեւ Ուկրաինայում՝ 15-20 տոկոս:
Հիմա՝ կենսաթոշակների մասին: Հայաստանի թոշակառուներն այս առումով ընդհանրություններ ունեն Ղրղըզստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի թոշակառուների հետ: Նշված երկրներում կենսաթոշակը կազմում է համապատասխանաբար 4333, 3732 եւ 4927 ռուբլի, Հայաստանում՝ 5470: Հարեւան Ադրբեջանում, օրինակ, կենսաթոշակը 11 հազար 158 ռուբլուն համարժեք մանաթ է: Կյանքի տեւողությունը, ըստ մի քանի երկրների վիճակագրական ծառայություններից ստացված տվյալների, նախկին ԱՊՀ երկրների կտրվածքով, Հայաստանը միջինների շարքում է՝ 71 տարի: Կյանքի միջին տեւողությունը 72 է Ադրբեջանում եւ Բելառուսում, 71՝ Ռուսաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, իսկ Ղազախստանում եւ Ղրղըզստանում համապատասխանաբար 68 եւ 69 է:
Գագիկ Աղբալյան




















































