ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախադրյալներ դեռեւս չկան. Աբաշիձե
ПОЛИТИКАՎրաստանն առայժմ նախադրյալներ չի տեսնում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Այս փուլում մենք չենք քննարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը: Այդ հարցը կարող Է օրակարգի հարց դառնալ, եթե լուրջ քայլեր ձեռնարկվեն Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ»,-ասել Է Աբաշիձեն՝ հանդես գալով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Այս մեկնաբանությունը տրվել Է ի պատասխան ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարության, որ Ռուսաստանը պատրաստ Է Վրաստանի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:
Դեկտեմբերի 23-ից Ռուսաստանը մեղմացրել Է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը եւ հայտարարել ապագայում անայցագիր ռեժիմին հնարավոր վերադարձի մասին:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ այցագրային ռեժիմ Է սահմանվել 2000 թվականին: 2008 թվականի սեպտեմբերի 2-ին Հարավային Օսիայում ռազմական հակամարտությունից հետո Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:



