Ոստիկանությունը կազմակերպիչներին դարձրեց Արթուր Բաղդասարյաններ
ОБЩЕСТВОԻնչպես տեղեկացնում է Past.am-ի թղթակիցը` քիչ առաջ վերլուծական խոսքով հանդես եկավ քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ով լրագրողի այն հարցին, թե ինչու է փոխոստիկանապետը սադրիչների անունների մեջ թվում նաև իր անունը, պատասխանեց.
-Այդ անգրագետ սադրիչի հայտարարությունը անում են իրենք, այդ անպատասխանատու հայտարարությունները: Այս օրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ սադրիչի հայտարարություններ անում է հենց ոստիկանությունը:
Ես, որպես քաղաքական վերլուծաբան, կարող եմ ասել, որ իշխանությունները ակնհայտորեն գնում են քաղաքական արկածախնդրության: Ոստիկանությունը ինչ-ինչ ճանապարհներով հեռացրեց կազմակերպիչներին, չհասկանալով, որ այդպես նա կազմակերպիչներին դարձրեց Արթուր Բաղդասարյաններ, ոչ թե դրանով լիցքաթափեց իրավիճակը, այլ հարթակը դարձրեց անտեր:
Ու այդ անտեր իրավիճակն է, որ կարող է հանգեցնել քաոսի, անկանխատեսելի հետևանքների: Եթե իրենք ունենային էլեմենտար քաղաքական գիտելիքներ, կհասկանային, որ իրենց գործողություններն են տանում այս իրավիճակին, սա կարելի է դիտարկել որպես իշխանությունների արկածախնդրություն և դասական անգրագիտություն:
Իրենք ունեն մեկ լուծում, իրենք պետք է հրաժարվեն էլէներգիայի թանկացումից: Փոխանակ լոլոներ կարդալու, պիտի հայտարարեն, որ բոլոր այն ոստիկանները, որոնք սադրանքներ և բռնություններ են կատարել, պիտի հեռացվեն և պատժվեն: Իրենք՝ փոխանակ գնան քաղաքական հստակ լուծումների և կոմպրոմիսների, ինչ-որ աղոթումներ են կատարում:
Աղոթումներով չեն լուծվում նման իրավիճակները, այլ քաղաքական հստակ քայլերով, իսկ դրանց համար պետք է ունենալ այդ գիտելիքները, ոչ թե ստեղծել այդ շոուները ինչ-որ աղոթումների տեսքով: Միթե իրենք չէին պատկերացնում, որ կազմակերպիչներին հեռացնելով, հարց չեն լուծում: Ժողովուրդն ունի էներգետիկա, և ով կգնար այդ էներգետիկայի դեմ, կդառնար Արթուր Բաղդասարյան: Իրականում այս ամբողջի, քաղաքական ավանտյուրայի պատասխանատուն ոստիկանությունն ու իշխանությունն է, որ պետք է հասկանա, թե ինչ է պետք անել այսքան ժողովրդի հետ:
Ինչ է, իրենք ուզում են արյունահեղության տանել այս ժողովրդին:
Արուսիկ Տիգրանյան



