Ծածկագրերից, հեռախոսներից օգտվողներին միանգամից կհեռացնեն քննասենյակից. մեկնարկել են միասնական քննությունները (ֆոտո)
ОБЩЕСТВОՀայաստանի մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում քիչ առաջ մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները: Դիմորդներն այսօր քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:
Հայաստանում ընդհանուր 34 քննական կենտրոն է ստեղծվել, որոնցից միայն 12-ում այսօր քննություն կանցկացվի: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ «Կենսաբանություն» առարկայից կա 1400, «Համաշխարհային պատմույթունից»՝140, «Աշխարհագրությունից»՝ 330 դիմորդ:
«Այս տարի ընթացակարգային փոփոխություններ կան: Խստացվել են պայմանները նրանց հանդեպ, ովքեր կփորձեն օգտվել ծածկագրերից, հեռախոսներից եւ նման այլ սարքերից: Եթե նախորդ տարիներին ընդունված էր, որ այդ դեպքում դիմորդը մեկ անգամ զգուշացվում, երկրորդ անգամ հեռացվում էր, ըստ նոր կարգի՝ վերացել է զգուշացումը եւ միանգամից հեռացվում է քննական սենյակից»,- նշեց Գագիկ Մելիքյանը:
Երեւանում այսօր քննություն կհանձնեն երկու քննական կենտրոններում: 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները քննություն են հանձնում «Կենսաբանություն» առարկայից, 13 բացակա կա: Նրանք հնարավորություն կստանան քննություն հանձնել երկրորդ փուլին:
Քննությունը կտեւի 3 ժամ: Դիմորդներն իրենց հետ քննասենյակ են մտցրել ջուր, հաշվիչ, գրիչներ եւ ուտելիք:






