Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի հակասություն չկա. վրացագետը՝ Վրաստանի վարչապետի հրաժարականի մասին
ИНТЕРВЬЮ
Մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պատճառները՝ վրացագետ Ալիկ էրոյանցը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հրաժարականն անակնկալ էր, քանի որ վերջին շրջանում լուրջ նախադրյալներ չեն եղել:
Ըստ պարոն Էրոյանցի՝ հրաժարականի պատճառը կարող է Վրաստանի նախկին վարչապետ, գործարար Բիձինա Իվանիշվիլիի հետ կապված լինել:
«Սակայն,ես կարծում եմ, որ խոսքն այս դեպքում հակասությունների մասին չէ:Չեմ հիշում, որ նրանք այնպիսի լուրջ տարաձայնություններ ունենան, ինչպիսիք առկա են Վրաստանի նախագահ Մարգելաշվիլիի և Ղարիբաշվիլիի հարաբերություններում: Իվանիշվիլիի հետ կապված, կարծում եմ, որ կարող է որոշակի պլանային փոփոխություններ լինել:
Գիտեք, որ Իվանիշվիլին երկրի կառավարման գործընթացում ունի հսկայական ազդեցություն: Հնարավոր է՝ Ղարիբաշվիլին և Իվանիշվիլին պայմանավորվածության են եկել: Դա կարող է կապված լինել առաջիկա պառլամենտական ընտրությունների հետ, որը տեղի կունենա գալիք տարվա աշնանը: Բնական է, այդ ողջ գործընթացը պետք է պատշաճ կազմակերպել:
Ներկայում բավականին լուրջ ներքաղաքական խնդիրներ ունեն վրացական իշխանությունները՝ ի դեմս «Վրացական երազանք» կոալիցիայի, քանի որ այնտեղ պառակտում եղավ, Ալասանիայի թիմը դուրս եկավ կոալիցիայից: Նաև կոալիցիայի ներսում շարունակվում են տարաձայնությունները: Դա բնական է, քանի որ տարբեր քաղաքական ուժերից է բաղկացած կոալիցիան: Նաև խնդիրներ կան՝ կապված կառավարության գործունեության հետ: Կառավարությունը բազմաթիվ հարցեր չի կարողացել լուծել:
Այն դժգոհությունները, որոնք կան հասարակության մեջ, կարող են հանգեցնել այն բանին, որ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիան չկարողանա ստանալ մեծամասնություն: Գուցե դրա հետ է պայմանավորված, որ Ղարիբաշվիլին ներկայումս հրաժարական է տալիս :Գուցե մոտ ապագայում նա զբաղվի նախընտրական շրջանում կուսակցության քարոզչական աշխատանքներով՝ լինելով կուսակցական ցուցակով առաջին դեմքը:
Իմ կարծիքով՝ այս ամենը բխում է Իվանիշվիլիի շահերից: Սա կարող է լինել պատճառը: Ես նորից եմ կրկնում, որ Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի ենթադրյալ հակասությունների մասին խոսակցություններին լուրջ չեն վերաբերվում:
Այսօր՝ վարչապետի պաշտանակատարի մոր հուղարկավորությանը, Ղարիբաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին և ջերմ գրկախառնվեցին»,- նշեց մեր զրուցակիցը:
Էրոյանցի խոսքով՝ հաջորդ պատճառը կարող է լինել Ղարիբաշվիլիի բիզնես դաշտ տեղափոխվելը:
«Հնարավոր է՝ պայմանավորվածություն կա, որ Ղարիբաշվիլին ղեկավարի Իվանիշվիլիի բիզնեսներից որևէ մեկը, ինչպես նախկինում: Բայց, իհարկե, հիմնական պատճառը նախընտրական քարոզարշավը կազմակերպելու հարցն է»,- ասաց Ալիկ Էրոյանցը:
Լևոն Փանոսյան




















































