Ցուցարարների համար Սերժ Սարգսյանի ելույթը հաղթանակ չէ
ОБЩЕСТВОԲաղրամյան պողոտայում հավաքված ցուցարների համար Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաղթանակ չէ:
Ինչպես հայտնում է Past.am-ը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ելույթ ունենալով հավաքվածների առջև, մասնավորապես ասել է. «Այստեղ ինչ-որ մարդիկ ասում են, թե մենք հաղթել ենք, բայց մեր պահանջներից ոչ մեկը չի կատարվել, շարունակում ենք պայքարը»:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը չի չեղարկել ՀԾԿՀ որոշումները՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ և չի խոստացել պատժել հունիսի 23-ին ապօրինություններ թույլ տված ոստիկաններին։
Ակտիվիստները հայտնում են, որ այս գիշեր ևս պատրաստվում են գիշերել Բաղրամյան պողոտայում:
Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ ոստիկանները սպառնացել են, որ եթե իրենք չհեռանան, ապա ուժ կկիրառվի: Ներկաներն այդ խոսքերը սուլոցներով ընդունեցին: Հիշեցնենք. որ հունիսի 27–ին հրավիրած խորհրդակցության ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախքան ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող աուդիտի եզրակացությունը, կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, և քաղաքացին կշարունակի վճարել չբարձրացված գինը:
Լևոն Փանոսյան



