Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սուպերվարչապետությունից դեպի սուպերնախագահության անցնելու՝ Նիկոլի անսքող ձգտումն ու փափագը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանադրական փոփոխությունների թեման դարձել է հանրային օրակարգի անբաժան մասը։ Սակայն այս թեման նոր չէ և անընդհատ շրջանառության մեջ է դրվել։ Խնդիրն այն է, թե երբ ու ինչ կոնտեքստում: Դեռևս 2018 թվականին վարչապետ ընտրվելու ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա։

Սակայն նա այդպես էլ ոչինչ չարեց իր կողմից սուպերվարչապետական որակված համակարգը փոխելու համար, ավելին՝ տարբեր լծակների միջոցով լիազորություններն ավելի կենտրոնացրեց իր ձեռքում, բայց շատ չանցած, առանց ամոթի նշույլի, հայտարարեց, թե սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացած է։ Իսկ արդեն 2018 թվականի դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ակնարկում էր, թե «ժողովուրդ ջան, եթե ուզեք՝ կվերադառնանք նախագահական համակարգին»։ Ու ադպիսով, նախագահական համակարգին անցնելու թեման հետաքրքրության առարկա դարձավ և ներմուծվեց հանրային դաշտ։

Ապա 2020 թվականի հունվարին Փաշինյանը հայտարարեց, թե կիսանախագահական համակարգը մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, սակայն, ի հակադրություն այս դիրքորոշման, 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր համարեց կիսանախագահական համակարգին անցնելը։ Մի քանի ամիս անց՝ արդեն 2021 թ. դեկտեմբերին, Նիկոլը կրկին փոխեց միտքը՝ հայտարարելով, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին գործող մոդելի արդյունավետությունը, ուստի ինքը ճիշտ չի համարում կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգին վերադառնալը։ Ինչպես երևում է՝ կառավարման համակարգի փոփոխության հարցում միակ հստակ իրողությունը Փաշինյանի անընդհատ մտափոխվելն է։ Ինչպես, ի դեպ, բոլոր հարցերում:

Եվ սա արդեն զարմանալի չէ. երբեք չի եղել մի հարց, որի առումով Նիկոլի տեսակետները հստակ լինեն: Երևի բացառությամբ մի հարցի՝ ամեն գնով պաշտոնը պահելու... Հիմա արդեն իշխանությունները որոշել են սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդ ստեղծել այն պարագայում, երբ 2020 թվականի սկզբին արդեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էր ձևավորվել, որի գործունեության կոնկրետ արդյունքների մասին այդպես էլ չիմացանք։ Սակայն ուշագրավ է, որ նոր ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկվել են բացառապես այնպիսի մարդիկ, որոնք Փաշինյանի համախոհներն են և առանց մտածելու, առանց քննարկելու սատարելու են նրա կողմից առաջ քաշվող ցանկացած օրակարգ։ Այդ դեպքում ինչո՞ւ 2020 թվականին սահմանադրական փոփոխություններ տեղի չունեցան։ Համավարա՞կը:

Չէ, նման «մանր-մունր» հարցը Նիկոլին հետ չէր պահի իր նպատակից, եթե այդ նպատակը հնարավոր չլիներ լուծել այլ ճանապարհով, թեկուզ՝ անօրինական: Իրականում պատճառն այն է, որ այդ ժամանակ ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հիմնական խնդիրը սահմանադրական փոփոխությունների միջոցով ՍԴ-ի հարցերը լուծելն էր։ Իսկ ՍԴ դատավորների հարցն, ի վերջո, լուծեցին առանց Սահմանադրությունը փոխելու, ԱԺ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու միջոցով, նույնիսկ առանց ՍԴ եզրակացություն ստանալու, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ։

Իսկ այս անգամ սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման նպատակը ո՞րն է, ի՞նչ նպատակներ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը։ Հասկանալի է, հանրության մեջ կարող են տրամաբանական հարցեր առաջանալ, թե արդյո՞ք Սահմանադրություն փոխելու ժամանակն է, երբ երկրի անձեռնմխելիությունը խախտված է և հակառակորդը հանգիստ դիրքավորվում է Հայաստանի տարածքում, կամ արդյո՞ք Սահմանադրությունն ու կառավարման համակարգն էին պատճառը, որ Արցախյան պատերազմի ընթացքում խայտառակ այս իշխանությունը խայտառակ կապիտուլ յացիայի ենթարկվեց։ Իրականում հարցն այլ շերտեր ունի։

Նախ՝ Փաշինյանը հասկանում է, որ իշխանության վարկանիշը գահավիժում է, դրա համար էլ ցանկանում է կառավարման համակարգի փոփոխության պատրվակի ներքո իր իշխանությունը հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով պահելու հարց լուծել։ Դրա հետ մեկտեղ՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող քաղաքական կուսակցությունը չունի այն քաղաքական կապիտալը, որը երևակայում էր Փաշինյանը։ Այսինքն, կորցրել է նաև էլեկտորատը: Մյուս կողմից՝ ՔՊ-ն ընդհանրապես չի կարող հանդես գալ որպես գաղափարական հիմքերի վրա դրված քաղաքական ուժ, և եթե մի օր իշխանության չլինի, ապա մարդիկ կմոռանան, թե մի ժամանակ նաև այդպիսի քաղաքական միավոր է եղել։

Ի դեպ, կմոռանա նաև քպականների գերակշիռ մասը: Շատ հավանական է, որ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին (արտահերթ, թե հերթական) հազիվ կարողանան անցողիկ շեմը հաղթահարել։ Հասկանում է նաև, որ երբ իր դիրքերը ավելի թուլանան, ապա խորհրդարանում ծվարած հենց իր կուսակցության ներկայացուցիչները կարող են բարձրացնել կամ ուղղակի կազմակերպել իր պաշտոնանկության հարցը։ Չէ՞ որ այդ մարդկանց միավորում են ոչ թե գաղափարական սկզբունքները, այլ պարգևավճարներն ու իշխանական կարգավիճակը։ Փաշինյանը նաև հաշվի է առնում, որ Հայաստանում իր իշխանությունը հիմնված է անձնիշխանական համակարգի վրա։

Եվ պատահական չէ, որ եթե պետական կառավարման համակարգում որևէ մեկն այլ տեսակետ է ունենում կամ հակառակվում է Փաշինյանի քաղաքական ուղեգծին, ապա միանգամից հեռացվում է կառավարման ոլորտից ու անմիջապես պիտակավորվում։ Այսինքն, պետական կառավարման համակարգը նույնականացվում է Փաշինյանի անձի հետ։ Ուստի իրեն վատագույն սցենարների հնարավոր տարբերակներից ապահովագրելու համար Փաշինյանը մտածում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ամբողջովին նախագահական համակարգին անցնելու մասին, որի դեպքում ընտրողներն իրենց ձայնը տալու են ոչ թե կուսակցությանն, այլ անձին։

Այստեղ նա հույս ունի կրկին շահել սոսկ իր անձի հանդեպ հանրության շատ հստակ հատվածի (մենք դեմ ենք մեր հասարակության որևէ անդամի պիտակավորելուն, որքան էլ մեծ լինի գայթակղությունը հստակ ձևակերպումներ տալու)` դեռևս պահպանվող որոշակի «համակրանքը» Նիկոլ «փրկչի» կերպարի նկատմամբ: Ու այս ամենը նա կներկայացնի այնպիսի սոուսով, թե նախագահական կառավարման համակարգը հսկայական առավելություններ ունի խորհրդարանականի նկատմամբ։ Սակայն այն իրականում ոչ թե նախագահական համակարգ է լինելու, այլ սուպերնախագահական։ Ու Փաշինյանը դրանով փորձելու է վերացնել իր կախվածությունը կուսակցությունից ու ընդհանրապես խորհրդարանում առկա համամասնությունից։

Ըստ էության, սոպերվարչապետությունը Փաշինյանին չի գոհացնում, քանի որ, եթե օրենսդրական մեխանիզմները գործեն, ապա հնարավոր է, որ վարչապետի նկատմամբ որոշակի զսպող հակակշիռներ գործեն։ Նրան կոնկրետ սուպերնախագահություն է պետք, որպեսզի բացարձակ անձնիշխանություն ձեռք բերի և, ուժային մարմինների ու կառավարական կառույցների բոլոր թելերը կենտրոնացնելով իր ձեռքում, ճնշի ցանկացած այլախոհական դրսևորում։ Եթե հասցնի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»