«Նոր ավտոբուսներից մեկի վարորդը դիմակ չէր կրում, ծխում էր, համազգեստով չէր, ուղևորներից կանխիկ գումար էր վերցնում». Տիգրան Դավուդյան
БЛОГԻրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Երեկ օգտվեցի նոր ավտոբուսներից. վարորդը Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Կոմիտասի շուկա հետախոսով խոսում էր, դիմակ չէր կրում, ծխում էր, համազգեստով չէր, ուղևորներից կանխիկ գումար էր վերցնում։ Դեռ երկար տարիներ նման երևույթներ մեզ հետ են լինելու, քանի որ անտարբեր ենք, մասամբ էլ անկարգապահ (հղումները մեկնաբանության բաժնում»:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնել էին, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով:
«Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով, և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով: Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100-դրամանոց մետաղադրամներ», - մանրամասնել էր քաղաքապետարանի լրատվականը։
Բացի այդ, ըստ հաղորդագրության՝
- Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
- Սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաև՝ անգլերենով և ռուսերենով:
- Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:
- Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:
- Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
- Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որը դասվում է «կանաչ» վառելիքների շարքը։




















































