Բնապահպանության նախարար. Սեւանա լճում լուրջ ծավալների ապօրինի ձկնորսություն է իրականացվում
ОБЩЕСТВОԱյս տարի Սեւանա լիճ է բաց թողվել ձկների ամենամեծ քանակությունը: Ընդհանուր առմամբ մոտավորապես 605-606 հազար շերեփուկ: Այս մասին դեկտեմբերի 23-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նախարարի խոսքով, լճում գրանցվել է ձկնապաշարի՝ մասնավորապես սիգի քանակի ավելացում: «Բայց լուրջ ապօրինի որս է իրականացվում: Դրա դեմ պետք է ազգովի պայքարենք: Եթե մենք կարողանանք 2 տարով փակել Սեւանա լիճը ու արգելել ձկնորսությունը, ապա նշված ժամանակաշրջանից հետո արդեն հնարավոր կլինի հստակ խոսել արդյունաբերական ծավալներով ձկնորսության մասին: Մենք գիտենք, որ այսօր հանրապետությունում սոցիալական խնդիր կա: Բայց հիմա մենք կարող ենք որոշակի քանակության մարդկանց արգելել ձկնորսությունը, իսկ հետո բոլորին թույլատրել ձկնորսություն՝ արդյունաբերական ծավալներով»,- նշել է Գրիգորյանը: Նախարարի խոսքով, ամեն օր լճից որոշակի քանակության ձուկ է հանվում: «Մենք ապօրինի ձկնորսության դեմ պայքարելու համար այդքան շատ ռեսուրս չունենք: Եթե կա պահանջարկ, ապօրինի ձկնորսությունը հնարավոր չէ կանխել»,- հավելել է Արամայիս Գրիգորյանը:



