Երևանի բողոքի ակցիաների աճի ֆոնին Ռուսաստանի մեծ զիջումը Հայաստանին. Ջոշուա Կուչերա
ОБЩЕСТВОEurasianet.org կայքում հրապարակվել է Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, EurasiaNet կայքի The Bug Pit բլոգի հեղինակ և անկախ լրագրող Ջոշուա Կուչերայի՝ «Երևանում բողոքի ակցիաների շարունակման ֆոնին Ռուսաստանը Հայաստանին զիջում է անում զինվորի սպանության գործով» խորագրով հոդվածը:
«Ռուսաստանը համաձայնվել է, որ հայկական դատարանները քննեն ռուս զինվորի գործը, ով մեղադրվում է երկրում գտնվող ռուսական ռազմակայանը լքելուց հետո հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Դա Մոսկվայի կողմից մեծ զիջում է, ինչը տեղի ունեցավ Երևանում խոշորամասշտաբ փողոցային ակցիաների թափ հավաքելու ֆոնին, որի մասնակիցները բողոքում են Ռուսաստանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ի դեմ:
Զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 12-ին լքել էր Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքը, մուտք էր գործել Ավետիսյանների տուն ու կրակ բացել: Դրա հետևանքով անմիջապես զոհվել էին ընտանիքի 6 անդամները, իսկ 7-րդ անդամը` վեցամսյա երեխան, մահացել էր հիվանդանոցում:
Դա վրդովեցրել էր հայերին և հանգեցրել ռուսական ռազմակայանի դեմ աննախադեպ բողոքի ակցիաների: Հայաստանն ու Ռուսաստանը ի սկզբանե համաձայնության չէին եկել, թե ով է դատելու Պերմյակովին: Հայաստանը ցանկանում էր, որ նրան դատի հայկական դատարանը, մինչդեռ Ռուսաստանը ցանկանում էր, որ նրան դատի ռուսական ռազմական դատարանը, թեև Հայաստանի տարածքում:
Հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարական պատվիրակության հետ և քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, որը բողոքի ակցիաներ է առաջացրել Երևանում: Սակայն ըստ ամենայնի քննարկումների թեման եղել է ավելի լայն, և Սարգսյանի գրասենյակը անսպասելի հայտարարություն տարածեց հանդիպումից հետո:
Դրանում նշված էր, որ Սարգսյանն օգտվել է հանդիպման ընձեռած հնարավորությունից և շնորհակալություն է հայտնել ռուսական իրավապահ մարմիններին և մասնավորապես դատախազությանը` հայկական դատախազության հետ արդյունավետ համագործակցության համար` կապված հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննման հետ:
Բացի այդ, հայտարարությունում ասվում էր, որ Հայաստանի քննչական կոմիտեին ու համապատասխան մարմիններին քրեական գործի փոխանցման մասին որոշումն արտացոլում է հայ-ռուսական գործընկերության ու եղբայրության ոգին և համապատասխանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Ի հավելումն այդ ամենի, Ռուսաստանը նաև համաձայնվել է Հայաստանին հատկացնել 200 միլիոն դոլարի վարկ` զենք գնելու համար:
Ռուս տարբեր պաշտոնյաներ մռայլ զգուշացնում են, որ Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները կրում են հակառուսական բնույթ, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Մայդան» են, ինչպես որ Ուկրաինայի պարագայում է, և Սարգսյանին խորհուրդ էին տալիս ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերել ցուցարարների նկատմամբ:
Սակայն այս քայլը վկայում է, որ Մոսկվան նաև հասկանում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի հանդարտեցնի հայ հասարակությանը, որը վիրավորված էր ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման փաստից, այլև` Պերմյակովի գործից և իր թշնամի Ադրբեջանին զենք վաճառելուց:
Արդյոք այդ զիջումը բավարար կլինի՞ Երևանի փողոցներում հակառուսական տրամադրությունները նվազեցնելու համար: Կտեսնենք»:



