Ի՞նչ իրավիճակ ունենք այսօրվա մարտերից հետո. Մովսես Հարությունյան
БЛОГՔաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ իրավիճակ ունենք այսօրվա մարտերից հետո...
Առաջին հերթին պետք է արձանագրել, որ հայկական կողմն, ըստ էության, անակնկալի բերեց անխոչընդոտ ՀՀ տարածք մուտք գործել փորձող Ադրբեջանին՝ վիժեցնելով իրենց պլանները։
Երկրորդ, ռազմական գործողությունների արդյունքում երկու կողմերն ունեցան մեկ տասնյակից ավելի մարդկային կորուստներ, ռազմական տեխնիկայի կորուստներ, գերեվարված զինվորներ, հայկական կողմն ունեցավ որոշ դիրքային կորուստներ, և այս պահին ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։
Երրորդ, հայկական զինված ուժերը պատերազմից հետո առաջին անգամ մտան համեմատաբար մեծամասշտաբ ռազմական գործողությունների մեջ և ցույց տվեցին, որ թեկուզ ավելի թուլացած, բայց ի վիճակի են կռիվ տալ մեր երկրի պաշտպանության համար։ Նախորդ օրերի հոգեբանական հարվածը կարող ենք հաղթահարված համարել։
Մեզ գոհացնո՞ւմ է հաստատված հրադադարի պահին առկա իրավիճակը՝ միանշանակ ոչ։
Կարո՞ղ էր ավելի վատ ելքով ավարտվել այս ամենը, եթե չլիներ հրադադար՝ այո՛։
Ադրբեջանցիները պե՞տք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքներից՝ հաստատապես այո՛. ի՞նչ ճանապարհով՝ կախված կլինի միջազգային հանրության և մեր դաշնակիցների արձագանքից ու գործողություններից, որից հետո, հավանաբար, հայկական կողմը կորոշի, թե ինչպես «մաքրել» մեր տարածքը։
Հավերժ փա՛ռք Հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսներին...




















































