Հակառակորդի կրակակետերը լռեցվել են. Ադրբեջանի բանակն ունի զոհեր եւ վիրավորներ. ՀՀ ՊՆ
ОБЩЕСТВОԱդրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջեւանի առանձին համազորային բանակն ունի զոհեր եւ վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրմյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Արման Եփրեմյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին եւ կիսում է ծանր կորստյան վիշտը:
Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության, ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմից իրավիճակի սրման ուղղված գործողությունը համընկնում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտի եւ Ադրբեջանի ԶՈՒ կազմավորման տարեդարձի հետ, ինչը վերահաստատում է այդ պետության ռազմատենչ քաղաքականության շարունակությունը եւ միջազգային հանրության կողմից բազմիցս առաջարկված ու Հայաստանի կողմից ընդունված՝ շփման գծում իրավիճակը վերահսկելու, վստահության ամրապնդման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը:
Միաժամանակ, կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված սադրիչ քայլերից եւ ջանքեր գործադրել Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանագծում հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակը այսուհետ եւս պահպանելու ուղղությամբ:



