Էմիր Կուստուրիցան կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր
ОБЩЕСТВОԱշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Հայաստան կժամանի դեկտեմբերի 24-ի երեկոյան: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունից:
«Կուստուրիցան կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին, ինչպես նաև կլինի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում: Իր այցի ընթացքում նա կհանդիպի նաև պաշտոնատար այրերի հետ»,-տեղեկացրին ընկերությունից:
Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն ` այդ թվում Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ: Էմիր Կուստուրիցան հասցրել է այցելել Հայաստան. նա եղել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հյուրը:



