Կաթնառատում հողին հանձնեցին սահմանին զոհված 19–ամյա Ռուբեն Ալեքսանյանին
ОБЩЕСТВОԼոռու մարզի Կաթնառատ գյուղի գերեզմանատանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի հուղարկավորությունը:
19-ամյա Ռուբեն Ալեքսանյանին հուղարկավորել են զինվորական կարգով:
Հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Ռուբենի ծառայակից ընկերները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Ալեքսանյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքում էր բնակվում, ծնունդով Կաթնառատ գյուղից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ:
Նրա ծնողները հուղարկավորությանը մասնակցելու համար վերադարձել ե Ռուսաստանից, իս երկվորյակ եղբայրը՝ արձակուրդ եկել ծառայությունից:
Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբենի հորեղբայրը 1994 թվականին զոհվել է Արցախում:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մեր տեղեկություններով` չորս զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առիթով։



