Վթարից մահացած հետախույզը մոտ 3 տարի է՝ աշխատում էր երեւանյան զորամասերից մեկում
ОБЩЕСТВОՎայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում դեկտեմբերի 20-ին վթարի ենթարկվելու հետեւանքով մահացած, հետախույզ Տարոն Կարապետյանը մոտ 3 տարի աշխատում էր երեւանյան զորամասերից մեկում: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Սերսի գյուղապետ Տիգրան Մալխասյանը, որի համագյուղացին է մահացած զինծառայողը:
«Տարոնի ծնողները Վայքում են բնակվում, իսկ ինքն ընտանիքով Երեւանում, երկու տարեկան երեխա ունի Տարոնը: Դեպքի մասին էլ հստակ ոչինչ չգիտենք, ասում են՝ սառույցի պատճառով սահել է մեքենան ու բախվել քարին»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ Տարոն Կարապետյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Վայքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ին մահացու ելքով վթար է տեղի ունեցել Վայոց ձորում: Պարզվել է, որ Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ВАЗ 2108» մակնիշի 01 LO 066 պ/հ (վարորդ` 1992 թ. ծնված Տարոն Կարապետյան) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:



