Հայաստանը և ևս վեց երկիր «Բանակ 2021» համաժողովին Ռուսաստանից սպառազինություն են գնել
МЕЖДУНАРОДНОЕ«Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում Ռուսաստանը պայմանագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնք հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության ավանդական գործընկերները: Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
«Այդ երկրների թվում են մեր ավանդական գործընկերները՝ Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուզբեկստանը և, իհարկե, Հնդկաստանը, Չինաստանը, Մյանմարը», - ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ պայմանագրերի ընդհանուր գումարը կգերազանցի 2 մլրդ եվրոն: «Այսպիսի բան դեռ տեղի չի ունեցել, սա բեկում է», - ընդգծել է Շուգաևը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն նախօրեին ասել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆորումում ստորագրել է ավելի քան 1,3 հազար զենքի և սարքավորումների մատակարարման 40 պայմանագիր՝ 500 միլիարդ ռուբլու դիմաց: Նրա խոսքով՝ այս պետական պայմանագրերի իրականացման արդյունքում՝ Ռուսաստանի զինված ուժերը կհամալրեն ավելի քան 1,3 հազար նոր տեսակի սարքավորումներով, կվերանորոգեն և կարդիականացնեն ավելի քան 150 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա:
Ինչպես հայտնի է, «Բանակ -2021» ֆորումը բացվել է օգոստոսի 23-ին՝ մերձմոսկովյան Կուբինկայի «Հայրենասերների այգում» և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը: Ֆորումին կներկայացվեն մոտ 28 հազար ցուցանմուշներ 1,4 հազար ձեռնարկություններից՝ Ռուսաստանից և արտերկրից: Բացի այդ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կցուցադրի սարքավորումների արտադրության ավելի քան 300 մոդել:



