Տաշիրում տեղի է ունեցել զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի հոգեհանգիստը
ОБЩЕСТВОԼոռու մարզի Տաշիր քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կաթնառատի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը:
Հոգեհանգստին ներկա են եղել ԶՈՒ բարձրաստիճան պաշոնյաներ եւ ծառայակից ընկերեներ:
Ռուբեն Ալեքսանյանի մարմինը դեկտեմբերի 21-ին կտեղափոխվի հայրենի Կաթնառատ գյուղ, որտեղ համայնքային գերեզմանատանը զինվորական կարգով կհանձնվի հողին:
Նշենք, որ Ռուբենի հայրն ու մայրը դեկտեմբերի 19-ին վերադարձել են Ռուսաստանից: Ռուբենի երկվորյակ եղբայրը, որը նրա հետ նույն զորամասում էր ծառայում, դեպքի օրն արձակուրդ է ստացել ու վերադարձել Տաշիր` եղբոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը մասնակցելու։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Ալեքսանյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքում էր բնակվում, ծնունդով Կաթնառատ գյուղից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ:
Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբենի հորեղբայրը 1994 թվականին զոհվել է Արցախում:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մեր տեղեկություններով` չորս զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առիթով։



