«Նոր Հայաստանի» հավաքներին խոչընդոտելու հրահանգը տրվել է ամենավերեւներից. Րաֆֆի Հովհաննիսյան
ПОЛИТИКА«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մարզային այցելությունների շրջանակում երթ, ապա քաղաքացիական հավաք անցկացրին Գյումրիի Թատերական հրապարակում:
Իր ելույթում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց մարզային այցելություններին խոչընդոտելու հրահանգները եկել են «ամենավերեւներից»:
«Դուք գիտեք, որ մենք հանդիպել ենք խոչընդոտների, որոնք կազմակերպված են Սերժ Սարգսյանի կողմից՝ անկախ նրանից, ինքն Ալիեւի հետ է հանդիպում, թե տանը նստած է, հենց իրենից են ուղարկվում մարզպետին, քաղաքապետներին, թուլեքին, որ իրենց մարդկանց ուղարկեն՝ խոչընդոտելու մեր հավաքներին, նույնիսկ կանանց մեջտեղ բերեն մեր առաջ, ուսուցիչների, մայրերի միջոցով իրենց հարցերը լուծեն»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննսյանը:
«Ժառանգության» առաջնորդը եւս մեկ անգամ կոչ արեց իրավապահ համակարգի ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծողներին:
Նշենք, որ «Նոր Հայաստանը» մարզային այցելությունների շրջանակում եղել է 14 քաղաքում, որոնցից մի քանիսում խոչընդոտների է հանդիպել:
Փրկության ճակատի օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելն ու նախքան ընդդիմության պահանջած արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունը ժողովրդի վստահության կառավարություն ստեղծելն է:



